Մեր արժեքների սրբության սրբոցը պղծված է, իմ առաջնորդությամբ այդ հարցը պետք է լուծվի. Փաշինյան


Մեր արժեքների սրբության սրբոցը պղծված է, իմ առաջնորդությամբ այդ հարցը պետք է լուծվի. Փաշինյան
Սեպտեմբեր 10 22:13 2025

«Մեր արժեքների սրբության սրբոցը պղծված է։ Եթե մենք ուզում ենք լինել արժեքահեն, նախ պետք է հոգևոր կենտրոնի արժեքները ազատագրենք պղծությունից»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Եվ այս ճանապարհին ասել եմ, որ այդ պատասխանատվությունն ու առաջնորդությունը ստանձնում եմ, այլ տարբերակ չկա, այդ հարցը պետք է լուծվի, և մենք միասին պետք է այն լուծենք, այդ թվում՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի այն ներկայացուցիչները, ովքեր իրոք ապրում են հոգևոր կյանքով, հոգևոր օրակարգով և արժեքներով, միանշանակ լինելու են այս գործընթացի առաջամարտիկները, առաջնորդները, ես էլ՝ նրանց հետ միասին»,-ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու դեմ գրառումներին, Փաշինյանն ասաց, որ աջակցում է նրան։

«Կարող եմ ասել, որ միանշանակ և աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում նախևառաջ՝ որպես ՀԱԵ-ի հետևորդ, Տեր Արամին և այն հոգևորականներին, ովքեր աջակցում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին։ Եվ որևէ կասկած չկա, որ ես իմ ուժերի ներածին չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին, բոլոր հասու միջոցներով կաջակցեմ նրանց և թիկունք կկանգնեմ նրանց։ Եվ ընդհակառակը՝ կոչ կանեմ առաջին հերթին հոգևոր դասի ներկայացուցիչներին, որ իրենք կանգնեն այդ խնդիրների կողքին։ Իրենք, եթե իրենց խնդիրների մասին չխոսեն, ոչ ոք չի խոսի»,-ասաց Փաշինյանը։