Մենք չունենք ճանապարհի վարձակալության ինստիտուտ, ունենք կառուցապատման իրավունք. Փաշինյան


Մենք չունենք ճանապարհի վարձակալության ինստիտուտ, ունենք կառուցապատման իրավունք. Փաշինյան
Սեպտեմբեր 10 19:42 2025

Ես տեսնում եմ, որ «անխոչընդոտ ճանապարհի» հետ կապված կան տարբեր քննարկումներ, մեկնաբանություններ. ես ասում եմ՝ ինչ մեկնաբանություն ուզում եք տվեք, փաստաթղթում գրած է, որ այդ ջանքերը պետք է ներառեն 5 տերմին՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Մենք այդ տերմինաբանությունը այսօր գոյություն ունեցող մեր օրենսդրության մեջ ունենք։ Մենք անխոչընդոտ  տրանսպորտային հաղորդակցություն ունենք ԵԱՏՄ–ի շրջանակներում, ԱՊՀ շրջանակում։ Դա որեւէ նոր էլեմենտ մեր իրավապայմանագրային բազայի մեջ չի բերում, դա վաղուց կա»,–ասաց նա։

Անդրադառնալով 99 տարով Սյունիքի ճանապարհի վարձակալությանը, Փաշինյանն ասաց. «Երբ մենք իրավապայմանագրային բազան ուսումնասիրում ենք, ուսումնասիրվում է նաև կողմերի օրենսդրությունները։ Մենք չունենք ճանապարհի վարձակալության ինստիտուտ մեր օրենսդրության մեջ, չենք կարող այդպիսի բան անել։ Փոխարենը մենք մեր ամերիկյան գործընկերներին ասել ենք, որ այն, ինչը դուք ԱՄՆ–ում անվանում եք «լիզ» մեր օրենսդրությամբ  կոչվում է «կառուցապատման իրավունք»։ Օրենսդրության մեջ այդ իրավունքը ունի հնարավորությունների շրջանակ, որի մեջ կա հնարավորություն մինչև 99 տարով վարձակալության տալու։ Մենք չենք հորինել դա։

 

«Կառուցապատման իրավունքի» առաձնահատկությունն այն է, որ այդ ժամկետի լրանալուց հետո ամբողջը ինչ կա այդ տարածքում, դառնում են ՀՀ սեփականությունը։ Այստեղ ներդրողն ինչո՞ւ է ժամկետով հետաքրքրված, որովհետեւ ներդրողն ասում է՝ լսեք, ես փող եմ դնելու էդտեղ, ինչ կառուցեմ, դառնալու է ձեր սեփականությունը, դուք ինձ ժամկետ տալո՞ւ եք, որ իմ տված փողը վերադառնա։ Սա շատ պարզ բիզնես տրամաբանություն է»,–ասաց վարչապետը։

նա նկատեց, որ նման իրավունք այսօր էլ գործում է Սյունիքի մարզում. «Օրինակ, «Կոնտուր գլոբալ» ընկերության դեպքում դա գործում է։ Այդ գործընթացը մեր ժամանակ չի սկսվել։ Խոսքը «Որոտանի կասկադի» մասին է։ ՀՀ–ում եւ կառուցապատման իրավունքը, եւ կոնցեսիոն կառավարման մեխանիզմներ գործում են»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց, որ պառուցապատման իրավունքը անգլերենով development right–ն է, իսկ «լիզը» վարձակալություն է։ «երեք ստորագրության կրողներից մեկը «լիզ» բառը հասկանում է վարձակալությունը, մյուսը՝ կառուցապատման իրավունք, էն մյուսը հասկանում է անխոչընդոտ ճանապարհ, մյուսը հասկանում է միջանցք։ Այս աջափսանդալը ոնց եք ներկայացնում որպես պատմական երևելի դրվագ»,–ասաց նա։

Փաշինյանն արձագանքեց. «Ցանկացած բառի ցանկացած մեկնաբանություն պարփակված է իմ նշած 5 տերմինով՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Շրջանակը սա է։ Մեր օրենսդրությունից դուրս ոչինչ չի կարող տեղի ունենալ»։