Այսօրվա մեր հանդիպման նպատակը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկ տարվա գործունեության հաշվետվությունն է՝ հաշվի առնելով, որ մենք ի սկզբանե որդեգրել ենք հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը՝ այդ սկզբունքին համաձայն և հավատարիմ ներկայացնում ենք առաջին տարվա մեր հաշվետվությունը։ Այս մասին ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ հասցրել են հաջողությամբ իրականացնել հինգ տարբեր ծրագրեր:
«Առաջին նախաձեռնությունը, որ իրականացրել ենք, եղել է Կառավարությանն ուղղված պահանջ-առաջարկները: Ի՞նչ ենք արել մենք: Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների խորքային վերլուծություն, այնուհետև դրանց լուծման ուղիների մշակում և պահանջ Կառավարությունից, որպեսզի դրանք ի կատար ածվեն: Դրանք թվով 18-ն են, բայց, իրականում մշակած խնդիրները գերազանցում են 100-ը: Մենք որոշել ենք դրանք այլևս չներկայացնել Կառավարությանը։ Հետագայում, իհարկե, հասարակության հետ կդարձնենք քննարկման առարկա և ծրագրային դրույթներ մեր հայրենակիցների հետ՝ Հայաստանի առջև ծառայած խնդիրները լուծելու նպատակով», - նշեց Սարգսյանը։
Նախաձեռնության ղեկավարը, շարունակելով՝ ասաց, որ երկրորդ ծրագիրը եղել է «Ապագայի ճարտարապետներ» խորագիրը կրող մրցույթը, որն իրականացվել է Հայաստանի խորքային խնդիրների ամբողջական պատկերը ստանալու նպատակով: Նա նշեց, որ կան բազմաթիվ վերլուծություններ և առաջարկներ, որոնք վերաբերում են 10 տարբեր ոլորտների:
«Երրորդ կարևորագույն նախաձեռնությունը, որ իրականացրել ենք՝ «Դեմ եմ հայտարարագրմանը» քաղաքացիական ակցիան է եղել, որի շրջանակներում հանդիպումներ ենք կազմակերպել Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և որի արդյունքում ելքը շատ ավելի հաջող է եղել, մինչև 2025 թվականի նոյեմբերի մեկը հետաձգվել է հայտարարագրման պահանջը»,- ասաց նա, հայտարարելով՝ ակցիան շարունակվելու է ավելի մեծ թափով, մինչև, որ կհասնենք այս անհեթեթության չեղարկմանը։
«Չորրորդ կարևորագույն նախաձեռնությունը, որն իրականացրել ենք, հարկային բռնության կիրառման գործիքի չեղարկումն է եղել, կհիշեք երևի, ամիսներ առաջ Կառավարությունը նախաձեռնեց «ՀՀ Վարչական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով վարչական ակտը պետք էր բոլորը վճարեին, չորսից հինգ տարի դատական ատյաններում պաշտպանեին իրենց իրավունքները, այնուհետև կարողանային վճարած գումարները հետ ստանային», - նախաձեռնության ղեկավարը և նշեց, որ մեդիաարշավների և սոցիալական ցանցերի միջոցով կարողացել են հասնել վերջինիս չեղարկմանը:
Եզրափակելով ծրագրերի ամփոփումը՝ նա ասաց, որ հինգերորդ նախաձեռնությամբ փորձել են քաղաքական համակարգում ստեղծել համագործակցության և համախմբման պրակտիկա։
«Երկու քաղաքացիական նախաձեռնությունների հետ կնքել ենք համագործակցության հուշագիր և ակտիվ փոխհամագործակցում ենք: Դա «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունն է և «Արմենիա 2026» նախաձեռնությունը: Շատ հասարակական և քաղաքական ուժերի հետ ունենք ընդհանուր պատկերացումներ և ապագայում ևս կշարունակվի այդ պրակտիկան՝ համախմբման և համատեղ գործելու պրակտիկան»։