Պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի գնահատմամբ՝ Սամվել Կարապետյանը սովորական հայ կամ հայաստանյան գործարար չէ, որի կալանավորումը հնարավոր լինի դիտարկել զուտ տնտեսական, իրավական կամ քաղաքական տիրույթում:
«Նախ, Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ հայն է, ով իր կապիտալը ստեղծել է ոչ Հայաստանում, և որ պակաս կարևոր չէ՝ ոչ Հայաստանի հաշվին: Սամվել Կարապետյանը միջազգային կապեր ունեցող աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ով, ի տարբերություն արտասահմանյան շատ ու շատ հարուստ հայերի, որոնք միայն նոմինալ են պահպանել իրենց կապը Հայաստանի ու հայկականության հետ, խոշոր բարերար է, խոշոր ներդրող է ու Հայ Առաքելական Եկեղեցու խոշոր դոնոր է:
Ի՞նչ է սա նշանակում. Սամվել Կարապետյանը գիտակցված է կանգնել համահայկական թիվ մեկ ինստիտուտի՝ Եկեղեցու կողքին և պատրաստ է եղել բոլոր տեսակի զրկանքների (ընդհուպ կալանավորում): Անշուշտ, քրիստոնյայի համար պատիվ է հանուն հավատքի զրկանքների գնալը, բայց հարցը զուտ միայն կրոնական համատեքստում չէ. Սամվել Կարապետյանին Նիկոլը կալանավորել է կայծակնային արագությամբ և օրենքի կոպտագույն խախտումներով, այսինքն՝ Նիկոլը նույնպես գիտակցված է մոտեցել խնդրին՝ օգտագործելով ձեռքի տակ եղած վերջին ու միակ միջոցը՝ կալանքը:
Իսկ սա նշանակում է, որ գործ ունենք որակապես նոր իրավիճակի հետ, որի զուտ միայն սաղմերն են այս պահին տեսանելի: Սաղմեր, որոնք քողարկված են բավականին բազմիմաստ «մեր ձևով» արտահայտության տակ և որոնց բացվածքը Կարապետյանը սկսել է բանտից մաս-մաս ներկայացնել:
Եթե փորձենք հակիրճ ամփոփել, ապա «մեր ձևովը» ամենամեծ պոտնեցյալն ունի օր առաջ տապալելու «Նիկոլ» անվանումը կրող արդեն բացահայտ թուրքական նախագիծը: «Մեր ձևովը» գրավիտացիայի ամենամեծ հնարավորությունն ունի համախմբելու հայ մնալու որոշում ունեցող թեև խոցված, բայց դեռևս ոտքի վրա մնացած ինստիտուտները՝ հավատքը, սեփականության իրավունքը, ինտելեկտն ու բարոյականությունը:
Հենց այս չորս հաստատուններն են, որոնք ի սկզբանե եղել են Նիկոլի թշնամիները, և որոնց համախմբումը կործանելու է Նիկոլին: Դրա համար է Սամվել Կարապետյանը բանտում և դրա համար է Սամվել Կարապետյանը «վտանգավոր»»,- նշել է Հակոբյանը։