«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ուղերձով է հանդես եկել.
«Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է։ Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, ես կասեի՝ անհավասարակշիռ վերրաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Մարդն, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացողությունը։
Այսօր քարոզարշավի ժամանակ, ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն, Փաշինյանն իր ձեռքերին ազատություն է տվել և հարձակվել անհետ կորած մեր հերոսի քրոջ վրա։ Շրջապատված լինելով թիկնապահներով՝ Փաշինյանը հարձակվել և վիրավորել է երիտասարդ տղամարդու, և այսպես շարունակ։
Սիրելի՛ հայրենակիցներ, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է մեր երկրի համար, մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե հոգեկան ինչ անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը։ Նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնելու է մեր երկիրը։ Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը։
Մենք դա թույլ չենք տալու։
Հունիսի 7-ին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»։










