Վաղը եկեղեցու կողքին կանգնելու օրն է, մեր ձևերով մեր եկեղեցին պաշտպանելու օրը. քաղաքագետ


Վաղը եկեղեցու կողքին կանգնելու օրն է, մեր ձևերով մեր եկեղեցին պաշտպանելու օրը. քաղաքագետ
Հունիս 21 22:24 2025

Հունիսի 22-ին այ Առաքելական եկեղեցին կնշի հայոց Եկեղեցու մեծ տոներից մեկը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:

 

Տոնի առիթով բազմաթիվ քաղաքացիներ տարբեր շրջաններից երթով շարժվելու են դեպի Էջմիածին։ 

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Վաղը, ժամը 11:00-ին կլինեմ Զվարթնոցի մոտ՝ մասնակցելու դեպի Մայր Աթոռ իրականացվող ուխտագնացությանը։

 

Վերաօծումից հետո վաղն առաջին անգամ եմ լինելու Մայր Տաճարում։ Պետք է անկեղծ լինեմ՝ ներքին համոզմունք ունեի, որ Տաճարի վերաօծումով կմեկնարկի մեր ժողովրդի վերանորոգման, հոգեպես ու բարոյապես վերականգնման ընթացքը։ Այո, շատերին դա կարող է սուբյեկտիվ թվալ, բայց ես իսկապես հավատում եմ Մայր Տաճարից բխող հզոր՝ մեր ժողովրդին հազարամյակներ պահած ուժին։ Ցավոք, Տաճարի օծումն այն չէր, ինչին սպասում էի և արդյունքում եղավ այն, ինչ եղավ։

 

Ինձ համար վաղը կրկին փորձելու օրն է։ Իրավիճակի նրբությունը լավ եմ հասկանում։ Շատերը նույնիսկ կփորձեն քաղաքականացնել վաղվա ուխտագնացությունը և, դրանով պայմանավորված, մասնակցել կամ չմասնակցել երթին։ Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները։ Վաղը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։ Մեր բոլորիս եկեղեցու տոնը։

 

Վաղը եկեղեցու կողքին կանգնելու օրն է։ Մեր ձևերով մեր եկեղեցին պաշտպանելու օրը։ Այն կարող է նաև մեծ հաշտության ու միասնական գործելու օր դառնալ։ Որպես ժողովուրդ, որպես ժողովրդի առջև թեկուզ չնչին պատասխանատվություն կրող մարդիկ՝ վաղը մենք պետք է կանգնենք մեր եկեղեցու թիկունքին»։