Արտակարգ դեպք. «Երևան Սիթի» սուպերմարկետում տեղի է ունեցել վիճաբանություն հացթուխի ամուսնու և մեկ այլ հացթուխի միջև․ Կա վիրավոր


Արտակարգ դեպք. «Երևան Սիթի» սուպերմարկետում տեղի է ունեցել վիճաբանություն հացթուխի ամուսնու և մեկ այլ հացթուխի միջև․ Կա վիրավոր
Մայիս 21 14:57 2026

Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետում ընկնելու հետևանքով գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ շտապօգնությունը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի կնոջ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 43-ամյա Հայարփի Շ․-ն է։  

Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայիսի 18-ին ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 5/1 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում Հայարփի Շ․-ի ամուսնու, Երևանի բնակիչ 48-ամյա Արտյոմ  Հ․-ի  և նույն վայրում աշխատող ոմն Հովոյի միջև աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վերջիներս ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում ամուսնուն մոտենալիս ոմն Հովոն 1 անգամ ձեռքով հարվածել է Հայարփի Շ․-ին և վերջինս ընկել է գետին, ինչի հետևանքով պատճառվել է ֆիզիկական ցավ։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Հովոն հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 54-ամյա Հովհաննես Մ․-ն, և ձեռնարկում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով,  Հայարփի Շ․-ն և Հովհաննես Մ․-ն աշխատում են նշված սուպերմարկետում, որպես հացթուխներ: