Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում հիշեց իր բանակային տարիները, երբ այդ ժամանակ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարար էր Սերժ Սարգսյանը, իսկ Սեյրան Օհանյանը 1-ին բանակային կորպուսի հրամանատարն էր։
«Մի հատ ընդհանուր «բուկետ» էր։ Մի հատ սրիկա, ոչնչություն կար, կանգնում էր ճաշարանի դռան մոտ ու ռետինե մահակով 18 տարեկան երեխաներին, ովքեր մտնում էին հաց ուտելու, ուղղակի հարվածում էր»,- պատմեց նա։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ մեկ այլ «ոչնչություն» էլ գիշերը որս էր կազմակերպում։
«Գիշերը որոշ զինվորներ փորձում էին գնալ Հոկտեմբերյան՝ ուտելիք հայթայթելու, պատկերացնո՞ւմ եք, իսկ էդ սրիկան դուրս էր գալիս որսի, մի հատ «Ջիպ» մեքենա ուներ, բռնում էր երեխաներին ու ծեծելով բերում էր, իրա համար դա զբաղմունք էր»,- պատմեց նա։
ԱԺ նախագահը հետաքրքրվեց՝ ո՞ւր է Սեյրան Օհանյանը, ո՞ւր են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որ «մեծ-մեծ խոսում են»։
«Թող գան, ինձ պատասխան տան՝ ինչո՞ւ էին մեր ամանի մեջ լցնում եռացրած ջուր, կտրտած կաղամբ, կարտոֆիլ ու кильки в томатном соусе, եռացնում էին ու տալիս երեխեքին, հաց էլ տալիս էին յոթ օրը մեկ... կներեք, որ պատմում եմ, բայց պետք է սա շփցնել միլիոնատերերի երեսներին, ո՞ւր են սրանք, ո՞ւր է «Հայր մեր»-ը չիմացող մարդը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց, թե ընդդիմադիր խմբակցություններից այնքան մարդ կա բանտերում տեղավորելու։
«Որ տենց քաղաքական տեղավորելու լիներ՝ բանտերում տեղ չէր լինի, հերթով բոլորիդ կտեղավորեինք բանտերում՝ ստելու ու ուրիշների համար աշխատելու համար»,- նշեց նա։
Վերջում Ալեն Սիմոնյանը կոչ արեց Լևոն Քոչարյանին ու Իշխան Սաղաթելյանին վերադառնալ դահլիճ. «Իրենց բան չի լինի այստեղ, վերջին տարբերակ՝ կանանցով կպաշտպանեն»։