Քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին, վաղը ուշ կլինի. Մանե Թանդիլյան


Քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին, վաղը ուշ կլինի. Մանե Թանդիլյան
Հունիս 18 16:53 2025

Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է մեկ անձի իշխանություն՝ յուրացնելով պետական կառավարման բոլոր ճյուղերը և մերժելով ցանկացած այլախոհություն։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով և գործելաոճով իրացնում է «Պետությունը ես եմ» հայտնի սկզբունքը․ եթե խոսում ես իր դեմ, ապա խոսում ես պետության դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը: 

 

«Այսօր այլևս կասկած չկա, որ պետության կառավարումը մոնոպոլիզացվել է մեկ անձի կողմից, որի միակ մոտիվացիան իշխանության պահպանումն է՝ անձնական անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Հասարակության մեջ կուտակվող արդարացի դժգոհությունը նրանք փորձում են ճնշել վախի, պիտակավորման, հայհոյանքի միջոցով՝ մոռանալով, որ ժողովրդին հնարավոր չէ երկար ժամանակ լռեցնել։

 

Հայաստանում իշխանությունը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ մի խումբ անձանց անձնական շահերին և որևէ համագործակցություն այդ իշխանության հետ ուղիղ մասնակցություն է ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների։ Հետևաբար, պետական համակարգի աշխատողնե՛ր, այսօր Արմեն Աբազյանն է, վաղը՝ դուք, տնտեսվարողնե՛ր՝ այսօր Սամվել Կարապետյանն է, վաղը՝ դուք։ Քանի ուշ չէ, դադարե՛ք ծառայել այս իշխանություններին։ Վաղը ուշ կլինի։ Ոչ ոք չի փրկվելու «ես իմ գործն էի անում» կամ «ես ծառայում էի պետությանը» եզրույթներով․ այսօր պետությունը ոչ թե ձեր ծառայության, այլ ձեր օգնության կարիքն ունի։

 

Հիշեք, որ ժողովուրդը չի մոռանալու ձեզ, ՔՊ ռեժիմին պահողներ և նրանց հետ համագործակցողներ։ Ժամանակը հասունացել է․ Հայաստանը ազատագրվելու է բռնապետական ռեժիմից, երկրում հաստատվելու է խոսքի, մտքի և խղճի ազատություն, իսկ այս խմբակը կանգնելու է դատաստանի առաջ՝ երկրային և երկնային։

 

Քաղաքացիական համերաշխության և համարձակության միջոցով մենք կարող ենք վերադարձնել պետությունը ժողովրդին։

 

Հ․Գ․ Հատուկ ՔՊ «պալատական վերլուծաբանների» համար․ չմոռանաք սա սքրին անել, տարածել, գրել` 5-րդ շարասյուն, Պուտինի մարդ, փողերը լափած, դարակազմիկ «վերլուծություններ» արեք, ես ձեր երևակայության հետ չեմ մրցի, բայց հիշեք․ ցուցակված եք»,- գրել է նա: