Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցություների քննարկումներին: Այս մասին Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով։
«Դա հնարավոր է, քննարկում ենք։ Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալիզացում տարածաշրջանում, բայց միևնույն ժամանակ մենք ևս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են «միջանցք» բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից: Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար ևս։ Բայց մենք ևս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս»,- ասել է Հաջիևը։