Պարտադիր զինծառայության մասին նոր օրենքի ընդունմամբ, պետությունն օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականությունը․ Հակոբ Բադալյան


Պարտադիր զինծառայության մասին նոր օրենքի ընդունմամբ, պետությունն օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականությունը․ Հակոբ Բադալյան
Մայիս 24 21:59 2025

Զինծառայությունից փողով ազատվելու վերաբերյալ աղմկահարույց օրենքի վերաբերյալ քննարկումներում արժեքային շեշտադրումը արվում է այն ուղղությամբ, որ բարոյական չէ լեգիտիմացնել ապօրինությունը, նաև սահմանել բանակից ազատվելու «սոցիալական հիմք»: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է  քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Սրանք իհարկե կարևոր քննարկումներ են: 

«Բայց, այստեղ հարցը միայն բանակը չէ: Կրկնեմ, իհարկե բանակի ասպեկտը չափազանց կարեւոր ու առանցքային է, սակայն հարցի արժեհամակարգային կողմն ու կարեւոր այլ շերտ ևս:

Ընդհանրապես, հակասոցիալական, հակահանրային է, երբ պետականորեն սահմանվում է սոցիալական խտրականություն, երբ հարուստ լինելը պետական մակարդակով ընձեռում է հնարավորություն: Այս օրենքը ստեղծում է արժեհամակարգային վտանգավոր նախադեպ բոլոր առումներով, ոչ միայն բանակի:

Աննթույլատրելի է այդպիսի նախադեպի ստեղծումը, քանի որ խախտվում է իրավահավասարության սկզբունքը՝ խախտվում է փողի հիմքով: Վաղը կարող է կայացվել որոշում, որ հարուստներն օրինակ կարող են այս երկրում ունենալ այլ արտոնություններ: Չկասկածեք, որ մի հնչեղ եւ «ռեֆորմիստական»» ձեւակերպում կգտնվի, եւ կգտնվի սազանդարների մեի շոշափելի բանակ, որ «կհիմնավորի» այդ կարևորագույն «ռեֆորմի» անհրաժեշտությունը:  

Ընդ որում, նկատեմ նաև, որ ըստ իս տեղին չէ նաև համեմատությունն օրինակ «հասարակաց տները» օրինականացնելու հետ: Այդտեղ ևս կա իհարկե արժեհամակարգային կամ բարոյական նորմերի խնդիր, բայց սկզբունքային իմաստով այդ խնդիրը գտնվում է այլ հարթության մեջ՝ մեկը կարող է այս կերպ վերաբերել այդ երեւույթին, մյուսը՝ այլ կերպ, բայց այդտեղ չկա պետականորեն անիրավահավասարության սահմանում՝ հարուստներին փողի հիմքով տրվող արտոնության սահմանում:

Հետևաբար, այս օրինակները համեմատելի չեն: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ պետությունը օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականություն»,- գրել է նա։