«Հայաստանի իշխանությունը գաղափարապես սնանկ է. այդ սնանկության հետևանքն է այն, որ մե՛կ այդ իշխանությունը Եվրամիություն գնալու հարցով Ազգային ժողովում օրինագիծ է ընդունում, մե՛կ Հռոմի ստատուտ է վավերացնում, մե՛կ էլ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ներկայությամբ հայտարարում է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու կարիք չունի»,-168. am -ի եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից իրար հակադրվող հայտարարություններին։
Ըստ Շարմազանովի՝ նման հայտարարությունները պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմի մոտալուտ ավարտի և Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ։
«Ընդգծենք նաև, որ նշմարվում է, որ Պուտին-Թրամփ հարաբերությունները կառուցողական փուլ են մտնում։ Փաշինյանը տեսնում է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից ճնշում չկա Ռուսաստանի ուղղությամբ այնպես, ինչպես կար նախորդ վարչակազմի օրոք, ուստի Փաշինյանը փորձում է տեղավորվել։ Նշենք, որ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ հակառուսական, հակաքաղաքագիտական կառավարություն՝ անկախ Արարատ Միրզոյանի արած հայտարարություններից։ Կրկնում եմ, այս իշխանությունն իրականացնում է ընդդեմ Ռուսաստանի երկու քայլ, հանուն Ռուսաստանի՝ մեկ»,- ասաց Շարմազանովը՝ բացառելով տարբերակը, որ Փաշինյանի պրոռուսական քայլերը պայմանավորված են Պուտինի կողմից իր իշխանությունը պահպանելու երաշխիքների ստացմամբ։
«Ի՞նչ երաշխիք, Մոսկվայի համար Փաշինյանը շատ փոքր պերսոնա է, նույնն է նաև Վաշինգտոնի համար։ Ակնհայտ է, որ Ռուսաստանում Հարավային Կովկասի կուրատորը փոխվել է։ Ռուսաստանը հիմա փափուկ ուժով է սկսում աշխատել։ Ակնհայտ է, որ Լավրովի այցով Ռուսաստանը որդեգրել է այդ ուժով աշխատելու և ոչ թե Հայաստանի իշխանությանը մեղադրելու քաղաքականությունը։ Լավրովի այցն այն մասին էր, որ Ռուսաստանը չի հեռանալու Հայաստանից. սա էր այդ այցի գլխավոր մեսիջը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։