«Ունենք շատ լուրջ և համակարգային խնդիրներ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում»,-ՀՀ գործադիր մարմնի այսօրվա նիստոմ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով հերթական որոշման նախագիծը:
Նրա խոսքով՝ բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից՝ ձևափոխվելով միայն դասախոսությունների վրա հիմնված գործընթացի՝ որակի և մրցունակության էական թերացումներով:
Ըստ Անդրեասյանի՝ 2005 թվականից մինչև հիմա փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին, և չեն դրվել միջազգային արդի պայմաններին համապատասխանող մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքեր, ինչի հետևանքով չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը, փոխարենը գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում իբրև կրթության մաս, այլ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման երկաստիճանությունը, որը մնացել է խորհրդային ժամանակներից։
Անդրեասյանը հայտարարեց, թե բուհերում դասավանդող անձնակազմի 51 տոկոսը գիտական աստիճան չունի, ուստի այս ոլորտում, ըստ նախարարի, բարեփոխումներն այլընտրանք չունեն, և այն, ինչ առաջարկվում է, նույնիսկ կարելի է ուշացած համարել:
Ներկայացնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի դրույթները՝ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ օրինագծով առաջարկվում է կրթության մատուցումն ապահովել լիցենզավորման և հավատարմագրման միջոցով:
Առաջարկվող փոփոխություններով կրթությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն, ավելի ճկուն, և անհատականացված կրթական գործընթաց կլինի՝ ներառելով անհատական պլանով և կամընտրական մոդուլներով ուսում կազմակերպելու հնարավորություն: Կներդրվի նաև ոլորտի կառավարման թվային միջավայր, ուսանողների կրթաթոշակների բազմամակարդակ մոտեցում: Կկարգավորվի նաև համալսարանների ինկուբատորների ստեղծման ոլորտը:
Կվերանայվեն գիտության կազմակերպման սկզբունքները, և գիտական կազմակերպությունները կգործեն խոշորացված հետազոտական համալսարանների համակարգի կառուցվածքում:
«Կուսակցական անձինք և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում, ինչը զուգակցվում է էթիկայի ստանդարտների սահմանմամբ, ինչը արգելելու է բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունն ու քարոզը»,-հայտարարեց Ժաննա Անդրեասյանը: