Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները հիվանդանոցում են


Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները հիվանդանոցում են
Մայիս 14 15:25 2025

Այսօր` մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Բերդի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորմերին մինչև հիվանդանոց տանելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:

 

Տարածքը պարեկները սահմանազատել են:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ:

 

Վթարի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: