Երեկ՝ մայիսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում գործող «Խնձորնոց» կոչվող հյուրանոցային համալիրի տարածքում կախված տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, երկաթե ձողից կախված վիճակում, ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Լևոն Դ.-ն է։ Իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և նշված հյուրանոցային համալիր էր ժամանել իր կողմից վարած «Nissan Patrol» մակնիշի ավտոմեքենայով։