Կա Արծվաշենը, կան մյուսները, ինչպես Արծվաշենի լուծումը կտրվի, մյուսներինն էլ՝ նույն ձևով. Փաշինյան


Կա Արծվաշենը, կան մյուսները, ինչպես Արծվաշենի լուծումը կտրվի, մյուսներինն էլ՝ նույն ձևով. Փաշինյան
Հուլիս 9 15:10 2026

«Կան հարցեր, որոնք պետք է կարգավորվեն սահմանազատման ընթացքում։ Ինչո՞ւ։ Որովհետև այն քարտեզները, որոնցով մենք անում ենք սահմանազատումը, դրանց վրա այդ տարածքներն արտահայտված են։ Մենք չենք կարող մկրատը բռնել, այդ քարտեզը կտրել»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Տիգրանաշենը Արծվաշենով փոխարինելու որոշում կա։ 

Միաժամանակ նա ընդգծեց, որ դա չի բխում Հայաստանի շահերից. «Եթե մենք մկրատը վերցնենք ու դա կտրենք, Ադրբեջանն էլ կվերցնի մկրատն ու Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ»։ 

Նա նշեց, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված, և ինքը  մտավախություն չունի, որովհետև իրավիճակը հայելային է, կա Արծվաշենը, կան մյուսները, ինչպես Արծվաշենի լուծումը կտրվի, մյուսներինն էլ՝ նույն ձևով:

«Ճամբարակում ունեցած շփումների ժամանակ մարդիկ երկու տեսակետն էլ հայտնել են, այդ թվում՝ արծվաշենցիները: Մի մասն ասել է՝ պետք է հասնել նրան, որ գյուղը վերականգնվի և մենք գնանք ապրենք, եղել են մարդիկ, որ ասել են՝ այսքան տարի անցել է, եկեք մի լուծում գտնենք, տարածքի բալանսը չխախտվի, մենք էլ հերթական անգամ չտեղաշարժվենք։ Երկու տեսակետն էլ կա, բայց դա հետագա քննարկման և համաձայնության հարց է: Այս պահին պայմանավորվածություն, որոշում, ակնարկներ, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու՝ չկա, գոյություն չունի: 

Արձանագրումն այն է, որ այն քարտեզները, որոնք դրված են սահմանազատման հիմքում, այդ քարտեզներում այդ տարածքներն արտահայտված են, և ճակատագրական սխալ կլինի մկրատը վերցնել, քարտեզների այդ հատվածները կտրելը: Դա կնշանակի մկրատը վերցնել, քարտեզը կտրելու գործողությունը լեգիտմիացնել: Մենք դրան չենք գնա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: