Կանգ առեք. Անուշ Պողոսյանը՝ ԱՆ պաշտոնյաներին


Կանգ առեք. Անուշ Պողոսյանը՝ ԱՆ պաշտոնյաներին
Մարտ 1 15:26 2025

«Բազմիցս խոսել եմ  ԱՆ անտրամաբանական  օպտիմալացման մասին։ Այժմ  շրջանառվում են նախագծեր, որով օպտիմալացվելու է Աբովյան քաղաքում գտնվող Թոքաբանության ազգային կենտրոնը  Երևանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ»,-ահազանգում է Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։

Նա մանրամասնում է.

«Թոքաբանության ազգային կենտրոնը եզակի դեր ունի ՀՀ առողջապահական ոլորտում, և թերևս մատուցում է հանրապետության մակարդակով եզակի ծառայություններ։

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրման շնորհիվ, կարելի է ասել, որ Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարը թևակոխեց մի նոր փուլ, և Հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերի արդեն իսկ փորձառու բժիշկները, մեկտեղելով ֆթիզիատրիայի ռուսական դպրոցի պրակտիկան և պարբերաբար անցնելով վերապատրաստումներ՝ այս ծրագրում իրենց ներգրավվածության արդյունքում ստեղծեցին մի նոր մշակույթ, որը միտված էր ոչ միայն տուբերկուլոզի արդյունավետ բուժմանը, այլև տուբերկուլոզի դեպքերի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու բնակչության իրազեկվածության բարձրացմանը: Այս ամենը հիմք հանդիսացավ, որ  Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերը ժամանակի ընթացքում գրանցեց լուրջ հաջողություներ:

Թե՛ տուբերկուլոզի դեմ պայքարում, և թե՛ այլ թոքաբանական ախտորոշումների և բուժման գործում կենտրոնն արդեն որդեգրել է հիվանդակենտրոն բուժման մոտեցումը։ Եվ ահա որոշել են «քանդել» նաև այդ ծառայությունը․

Ըստ ՀՀ ԱՆ մեր աղբյուրների,  սկզբի համար Թոքաբանության ազգային կենտրոնում  4 բաժանմունք  միացնելու են իրար՝ դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքը, դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքը,մանկական տուբերկուլոզային բաժանմունքը և  հոգեբուժական բաժանմունքը։ Պետք է առնվազն ուղեղի հետ կապված  խնդիրներ ունենալ, որ որոշել երեխային բուժել հոգեբուժական խնդիրներ ունեցող հիվանդի կողքին։

Հ․Գ․ Դուք վաղուց հատել եք բոլոր կարմիր գծերը,  սահմաններ, որ չպետք է անցնեիք,
ԿԱՆԳ ԱՌԵՔ»։