Ավտովթար՝ Աշտարակում. վիրավոր երեխաները տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը


Ավտովթար՝ Աշտարակում. վիրավոր երեխաները տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը
Օգոստոս 27 17:51 2025

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Աշտարակի «գայի պոստի» դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Աշոտ Պ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Ճ.-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխաներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները տեղափոխվել են Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը: Բախման հետևանքով «Renault» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «գայի պոստի» տարածքում:

 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակց տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Renault»-ն, որի վարորդը Երևանից դեպի Աշտարակ ընթանալիս չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: