Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունած բանաձևում Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական պաշտոնյաներին և մյուս հայերին։
Այս մասին նշված է ԵԽԽՎ-ի տարածած հայտարարության մեջ, գրել են ԶԼՄ-ները։
Բանաձևն անդրադարձել է Ադրբեջանում Արցախի՝ ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող նախկին ռազմաքաղաքական ներկայացուցիչների և այլ անձանց՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել այդ մարդկանց։
«Վեհաժողովը շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի և բոլորի կալանավորված անձանց և ռազմագերիների հետ կապված իրավիճակին, որոնք ներկայում գտնվում են Ադրբեջանում՝ վերահաստատելով նրանց ազատ արձակելու իր կոչը»։
Վեհաժողովը նաև խիստ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վատթարացման առնչությամբ։
Վեհաժողովը շարունակում է «լրջորեն մտահոգված լինել Ադրբեջանում ժողովրդավարության վատթարացման, քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և իշխանության այլ քննադատների նկատմամբ բռնությունների առնչությամբ»։
Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, որոնք կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով։
Ընդգծվել է, որ Ադրբեջանում 2024 թվականին կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և կայացել են խոսքի, հավաքների ազատության սահմանափակումների պայմաններում: