«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համոզված է՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանին կալանավորել են նույն «սիստեմով», ինչ բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար։
«Այն մարդիկ, ովքեր իրենց հաճելի չեն, ովքեր պայքարում են, այն ծնողները, որոնք բարձրաձայնում են ապօրինությունների մասին, հիմնականում այդ մարդկանց տանում են անազատության մեջ՝ փորձելով ճնշում գործադրել նրանց և նրանց ընտանիքների վրա, իսկ հաջորդը՝ մյուսներին վախեցնելու փորձն է։
Այսինքն՝ սիստեմը հետևյալն է՝ ընտրում են ակտիվ մարդկանց, ովքեր այս տարիներին պայքարել են իրենց իրավունքների համար և փորձում են լռեցնել։ Ինչո՞ւ է Արսեն Ղուկասյանը այսքան տարի պայքարել՝ տեղեկություն ստանալու իր եղբորորդուց, եղբայրը զոհված է։ Նրանց անընդհատ խաբելով, սուտ խոսելով․․․ մարդիկ հոգնել են այդ ստերից»,– ասաց պատգամավորը։
Նշեց, որ ադրբեջանական կողմի հետ բազմաթիվ հանդիպումներ են եղել, բայց այս իշխանությունները հարցն օրակարգում չեն ներառում։