Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում երեկ հողին են հանձնել 15-ամյա Նարեկ Հովհաննիսյանին։ 10–րդ դասարանցի պատանին մահացել էր Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցում համադասարանցիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից օրեր անց։
Առայժմ հստակ չէ՝ Նարեկը ծեծի հետևանքով է մահացել, թե՞ առողջական այլ խնդիրներ է ունեցել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ երկու հոդվածով․ մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը։ Քննչական կոմիտեից ասում են՝ տվյալներ ունեն, որ անչափահասը նաև շնչառական խնդիրներ է ունեցել։
Դեպքի օրը Նարեկը աջ դաստակի և աջ ազդրի շրջանում ցավեր է ունեցել, երկու օր անց միայն դիմել է Էջմիածնի հիվանդանոց, ստացել առաջին բուժօգնություն եւ տուն գնացել։ Եվս երկու օր հետո տղայի մոտ ցավերը խորացել են, այս անգամ դիմել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բժշկական կենտրոն։ Ծնողն ասել է՝ երեխան վայր է ընկել հեծանիվից։ Հիվանդանոցում հոսպիտալացում են առաջարկել, ինչից տղայի ընտանիքը հրաժարվել է, և գնացել տուն: Նույն օրը՝ երեկոյան, տղայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն։ Հաջորդ օրը նա կրկին դիմել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ և հեպատոմեգալիա, հետագայում նաև սեպսիս։
Ինչից է տղայի մոտ առաջացել մահվան պատճառ դարձած սեպսիսը՝ ծեծի հետեւանով ստացած վնասվածքի՞ց, թե՞ առողջական այլ խնդրից, ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը։
5–րդ ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասում է՝ իր վերլուծություններով երեխան ծեծկռտուքի հետևանքով չէր կարող մահանալ․ ասում է՝ տեսագրությունը կա, ծեծկռտուքը մի քանի վայրկյան է տևել։
Թե ինչպիսի վարք ուներ Նարեկը, տնօրենն ասում է․ «2,5 ամիս էր, որ երեխան մեր դպրոց էր ընդունվել։ Ես առանձնապես չեմ շփվել, երեխայով սոցմանկավարժն է զբաղվել, չեմ բնութագրելու, ես կասեմ՝ մահացողի հետևից կամ լավը կամ ոչինչ։ Ինչ վերաբերում է միջադեպի մյուս մասնակիցներին, ես նրանց նկատողություն եմ հայտարարել»։
Նարեկին ծեծի ենթարկած աշակերտներից մեկը դպրոցի ուսուցիչներից մեկի տղան է, մյուսը՝ Էջմիանծնի հիվանդանոցի բժշկի տղան, ինչը տնօրենը չհերքեց։
NEWS.am-ը այցելել է նաև թիվ 11 հիմնական դպրոց, որտեղ Նարեկը 9 տարի սովորել է։ Ուսուցիչները միայն դրականն էին պատմում, ասում էին՝ խելոք, ընկերներին նվիրված երեխա էր։
«Նարեկը դպրոցում աչքի չի ընկել իր վատ վարքով։ Նա գուցե լավ չէր սովորում, բայց ընկերասեր ու կարգապահ էր։ Վերջին զանգին պետք է նկարվեին, հագել էր սպիտակ վերնաշապիկ, 2 ընկերները չէին հագել, ասում էր՝ ես կհանեմ իմ վերնաշապիկը, թող իրենք էլ հագնեն նկարվեն։ Նա հանուն ընկերների ամեն ինչի պատրաստ էր»,- պատմում է 11 հիմնական դպրոցի փոխտնօրեն Աստղիկ Վիրաբյանը։
Նարեկի հարազատները այս պահին հրաժարվում են նրա մահվան հանգամանքների մասին խոսել։ Նարեկի մահվանից անմիջապես հետո լրատվամիջոցներին նրա հորաքույրը՝ Կարմեն Հովհաննիսյանը վստահեցրել էր, որ տղան մահացել է ծեծկռտուքի հետևանքով։ Նրա խոսքով՝ համադասարանցիների հետ վեճը սկսվել է «արա» բառի համար։ Ծեծկռտուքի հաջորդ օրը Նարեկի ինքնազգացողությունը վատացել է, մատը վնասված է եղել, ոտքն այտուցվել է։ Իսկ թե ինչո՞ւ են Նարեկի ծնողները հիվանդանոցում ասել, թե նա հեծանիվից է ընկել, հորաքույրն ասում է՝ Նարեկն է խնդրել։
Այս ողբերգական դեպքը, սակայն, եւս մեկ անգամ հասարակությունում առկա լրջագույն խնդրի մասին է հիշեցնում։ Ինչո՞ւ է ագրեսիան այդքան տարածված պատանիների շրջանում։
Հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ասում է՝ ագրեսիան դեռահասների շրջանում չի նվազում, որովհետև այն միշտ խրախուսվում է թե՛ միջավայրում և թե՛ ընտանիքում․ «Դեռահասների շրջանում հանցավորության կանխարգելումը պետք է սկսել հենց ընտանիքից, որովհետև այսօր էլ տեսնում, որ եթե երեխան կարող է գալ ու ասել՝ դե տղայական է, ես էլ եմ ծեծել, ինձ էլ եմ ծեծել, տղա ես, պիտի ծեծվես, եթե ասեն ասենք՝ հեծանիվից է ընկել, կանայք էլ բռնության ենթարկվելիս ասում են՝ գլուխս պահարանին է կպել, դրանից է աչքս կապտել, այսինքն՝ հանցավորության մեջ այդ պատճառը թաքցնելը միշտ վտանգավոր է, և հանգեցնում է անդառնալի հետևանքների»։
Մեհրաբյանի խոսքով՝ դեռահաս տղաների ագրեսիան հաճախ խրախուսում են հայրերը․ «Շատ հայրեր կան, որ ասում են՝ տղա ես, պետք ա ծեծվես, քեզ էլ ծեծեն, դու էլ ծեծես։ Դաստիարակում ենք ագրեսիվ հասարակություն, քեզ քարով կխփեն, քարը վերցրու, տուր գլխին։ Երբ է ագրեսիան հասնում ահագնացող չափերի, երբ տարածվում է այն։ Ավելի երևացող է դպրոցում այն երեխան, որն ավելի հարձակվող է։ Երեխան, որը սկսում է պաշտպանվել ուսուցչի օգնությանը, նա համարվում է «ղզիկ»։ Շատ ծնողները հպարտանում են այն երեխայով որը լավ ծեծում է, սա բանակային ենթամշակույթ է դառնում հետագայում»։