Իմպիչմենտն այս պահին իշխանափոխության ամենաիրատեսական գործիքն է, այլընտրանքը՝ ոչինչ չանելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Մենք պիտի իրականացնենք մեր առաքելությունը, մեր պարտքը, մեր պայքարը: Ես, ճիշտն ասած, սովոր չեմ, այդպես գցել, բռնել, կներեք, բառիս համար, կստացվի, թե չի ստացվի։ Կապ չունի, ուժերի 150% լարվածությամբ մենք պիտի լցվենք գործի, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն այս պահին առկա ամենահավանական և ամենա ամենաիրատեսական, երևի այս բառն օգտագործեմ, գործիքն է իշխանափոխության, դե այլընտրանքը ոչինչ չանելն է, իսկ դա մեզ համար չի։
Երևի խանգարում ենք նրանով, որ ազգային ուժ ենք, խանգարում ենք նրանով, որ հայ ժողովրդի, Հայաստանի պետականության նորագույն պատմությունը և հանրապետականի պատմությունը միահյուսված է, որովհետև մեր հիմնադիր հայրերը, դեռևս խորհրդային ժամանակներից, ապրել, պայքարել են անկախ Հայաստանի, մեր սուվերենության, մեր հայրենիքի հզորության գաղափարներով, կերտել են Արցախի հաղթանակները, այնուհետև կարողացել են պահել անվտանգ մեր երկիրը, երևի դրանով խանգարում ենք, երևի կան մարդիկ, որոնք դրան դեմ են, բայց բոլորին զգուշացնեմ, հանրապետականին ոչնչացնել հնարավոր չի, դա շատ-շատերն են փորձել անել ու ոչ մեկին չի հաջողվել, ու ոչ մեկին չի էլ հաջողվելու, մենք մեր առաքելությունը, մենք մեր պայքարը կիրականացնենք»,-եզրափակեց Մամիջանյանը: