Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները կորցրել են հավսարակշռությունը, գիտակցում են՝ իշխանության վերջը գալիս է. Սեյրան Օհանյան


Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները կորցրել են հավսարակշռությունը, գիտակցում են՝ իշխանության վերջը գալիս է. Սեյրան Օհանյան
Մայիս 9 13:53 2025

Այս օրը մեզ պետք է լցնի համոզմունքով, պատասխանատվությամբ ապագա հաջողությունների, ապագա հաղթանակների համար։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Տարիներ հետո, այսինքն այս վերջին տարիներին, իհարկե, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և դրանից հետո Արցախը կորցնելով, իհարկե, որոշակի ցածրացել է և նեղացել է այս տոնի նշանակությունը, բայց երբևիցե մենք չպետք է նսեմացնենք ո՛չ հաղթանակը Հայրենական պատերազմում, ո՛չ հաղթանակն Արցախում:

Դժվար իրավիճակում ենք, չափազանց աղետալի հետևանքներ է ունեցել այդ պատերազմը և դրանից հետո գործողություններն Ադրբեջանի հանցագործ գործունեության շնորհիվ և նաև մեր իշխանությունների անգործունեության շնորհիվ, բայց այնուամենայնիվ սա դասեր պետք է լինի մեզ բոլորիս համար, հետևություններ պետք է անենք ապագան մեր ավելի լավ տեսնելու համար և նաև հետագայում հաջողություններ ունենալու համար»,- ասաց նա:

Օհանյանն անդրադարձավ օրերս ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծին, մասնավորապես ընդդիմադիրներին «ԱԱԾ պադվալները լցնելու» հայտարարությանը: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախ բազմաթիվ այդպիսի ցուցումներ է տվել, սպառնացել է դատական իշխանությանը, ամբողջ իրավական համակարգին և նրա բոլոր տիպի խոսույթի վերջնարդյունքում եղել են նաև ուժային կառույցների համապատասխան գործունեություն:

«Միևնույն ժամանակ էլ մենք պետք է հասկանանք հետևյալը՝ նախ դա երկրի  ղեկավարի խոսույթ չէ, երկրի ղեկավարն իրեն սովորական փողոցային խուլիգանի նման է պահել: Հանգիստ հարց էր տրվել, որ հանրային հարթակում կան մի քանի աղմկահարույց գործեր, փոխանակ ինքը ներկայացներ, նա ինչպես միշտ, այդ ամենը փոխեց ընդդիմության վրա: Պետք է տեսնենք, որ երկրի ղեկավարը որոշակի հոգեվարքի մեջ է գտնվում, իր մոտ սովորաբար այդպիսի հիստերիաներ են առաջանում, երբ որ ինքը կորցնում է իր հավասարակշռությունը, գիտելիքի, գիտության, գիտակցության մթագնություն է տեղի ունենում և այդ ամեն ինչը վերածվում է հիստերիայի և տեսաք չէ՞, որ երկրի ղեկավարը ինչպես էր ձեռք թափ տալիս»,- ասաց նա:

Ապա Օհանյանը նշեց, որ նա երկրի ղեկավար է, բոլոր կառույցները նրա ենթակայության տակ են, ի՞նչ իմաստ ունի որ երկրի ղեկավարը ձեռք թափ տա: «Կտեսնենք, թե իշխանափոխությունից հետո ինչպես է ինքը ձեռքը թափ տալու կամ մեր նման այսպես ազատ, առանց որևիցե մի այսպես պահակախմբի քայլելու մեր երկրի վրա։ Կարծում եմ, որ այս հոգեվիճակը, որում գտնվում է Նիկոլ Փաշինյանը և կարելի է ասել նաև նրա կողմնակիցները, խոսում է նրա մասին, որ իրենք կորցրել են հավասարակշռությունը և օրըստօրե կորցնելով իրենց ռեյտինգը, կորցնելով իրենց արժանիքները, չնայած արժանիքներ չեն ունեցել, կամաց-կամաց գիտակցում են, որ իշխանության վերջը գալիս է և այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել և Արցախում, և Հայաստանում, իրենք պատասխան են տալու»,- ասաց նա: