14-ամյա տղան փախել է Գավառի մանկատնից. Shamshyan.com


14-ամյա տղան փախել է Գավառի մանկատնից. Shamshyan.com
Սեպտեմբեր 18 08:49 2023

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում:

 

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատարը Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մոտակայքում ծառայություն կատարելու ժամանակ նկատում է մի երեխայի: 

 

Ոստիկանության ծառայողը մոտենում է երեխային և պարզում է, որ նա Գավառի մանկատան սան է ու նրան տեղափոխում է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղ 14-ամյա տղան, ում անունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, ոստիկաններին պատմում է, որ մանկատանը իրեն ծեծի են ենթարկել, ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, դեմքի և պարանոցի շրջաններին էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Այդ ամենից հետո երեխան հեռացել է մանկատնից: 

 

Դեպքի փաստով Ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչություն, իսկ երեխային տեղափոխել են Գավառի մանկատուն: