Եռատոնը՝ Աբովյանում․ տոնական ու շքեղ միջոցառում նվիրված հայրենիքի նվիրյալներին


Եռատոնը՝ Աբովյանում․ տոնական ու շքեղ միջոցառում նվիրված հայրենիքի նվիրյալներին
Մայիս 9 16:19 2025

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Վաղ առավոտից տոնական ու բարձր տրամադրություն էր Աբովյան համայնքում։ Քաղաքային իշխանությունը քաղաքի սրտում կազմակերպել էր տոնական միջոցառում։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ:

 

Նրանց գործած սխրանքն անմահ է, իսկ հիշատակը վառ պահելու և սերընդեսերունդ փոխանցելու պատգամը՝ յուրաքանչյուրինս։ Նախ համայնքապետարանի շենքի դիմաց են հավաքվում քաղաքացիները։ Նրանց ողջունում է համայնքապետը։ Ջերմ ու անմիջական շփումը, Էդուարդ Բաբայանի հետ այստեղ վաղուց ավանդույթ է դարձել։ Հավաքվածների շարքերում էին նաև Արցախյան ազատագրական պայքարի նվիրյալները։ Խնամքով են պահել զինվորական համազեստն ու դրան փակցված մեդալները, դրանցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի։ Ցավով են նշում՝ Արցախը հիմա թշնամու վերահսկողության ներքո է, բայց պատմական ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է։

Շնորհավորում են բոլորին ու մաղթում՝ միասնականություն հայ ազգին։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց ազգային ու հայրենասիրական երգերով ու պարերով։ Քաղաքային իշխանությունը ջանք չէր խնայել՝ մեկտեղելու տարբեր սերունդների ներկայացուցիչների, որոնց դեմքերին ժպիտներ էր, ու միամյանց ուղղված շնորհավարանքներ։ Ներկա էր նաեւ Կոտայքի մարզպետը։

 

Ապա տոնական քայլերթ Աբովյանի կենտրոնական փողոցներով, նվագախմբի ու թմբուկի զարկի ուղեկցությամբ։ Այսպես՝ սեփական ժողովրդի հետ միասին քաղաքային իշխանության ներկայացուցիչները համայնքապետի գլխավորությամբ , քայլեցին դեպի Անմար կրակի մոտ, որտեղ էլ ծաղիկներ դրեցին, գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։

 

Աբովյանի համայնքապետարանում յուրաքանչյուր տոնական միջոցառում կազմակերպվում է հավուր պատշաճի, ընդգրկելով ողջ համայնքի բնակիչներին։ Իսկ այսօրվա տոնական միջոցառումն ապացույցն է ամենակարևորի, որ հայ ժողովուրդը միասնական է։ Մայիսյան եռատոնը եղել է, կա ու պիտի լինի։ Հավերժ փառք ու խոնարհում բոլոր ժամանակների հերոսներին։