Ադրբեջանի վարքագիծը հակասում է միջազգային իրավունքին. պետք է շարունակել աշխատանքներ տանել, որ հարցը մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ. Եղիշե Կիրակոսյան


Ադրբեջանի վարքագիծը հակասում է միջազգային իրավունքին. պետք է շարունակել աշխատանքներ տանել, որ հարցը մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ. Եղիշե Կիրակոսյան
Մարտ 20 11:44 2023

Ադրբեջանի վարքագիծը հակասում է միջազգային իրավունքին, լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով  Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցին։

 

«Ցավոք սրտի, ոչ միայն չկատարելն է խնդիրը, այլ նաև՝ որոշման բովանդակությունը աղավաղելը», - նշեց նա։

 

 

Կիրակոսյանի խոսքով՝ ՀՀ պետական լիազոր մարմինները պետք է իրականացնեն համապատասխան հակընդդեմ պայքար։

 

Նման հարցերը քննարկելու լավագույն հարթակը, ըստ նրա, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է։

 

 

«Պետք է շարունակել աշխատանքներ տանել, որ հարցը մտնի Անվտանգության խորհրդի օրակարգ։ Բացի այդ, պետք է տարբեր գործընկերների հետ աշխատել հարցն անընդհատ բաց պահելու ու վճռի բովանդակության աղավաղման փորձերը կանխելու համար», - նշեց Կիրակոսյանը։

 

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ խուսափելու միջազգային իրավական պրոցեսներից ու շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը։

 

 

Հիշեցնենք՝ Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ: 

 

Արդարադատության միջազգային դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը:



loading...