Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ. Վրաստանի դեսպանը խոստացել է արձագանքել հայ կոնյակագործների մտահոգություններին


Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ. Վրաստանի դեսպանը խոստացել է արձագանքել հայ կոնյակագործների մտահոգություններին
Մայիս 13 14:57 2025

Հայաստանում Վրաստանի դեսպանության դիմաց բողոքի ակցիա իրականացնող կոնյակագործներից երկուսը հանդիպել են Վրաստանի դեսպանի հետ՝ ներկայացնելու առկա խնդիրը։

 

«Պռոշյան» կոնյակի գործարանի արտահանման բաժնի մասնագետը հանդիպումից հետո լրագրողներին ասաց՝ իրենց խոստացել են, որ մոտ ժամանակներում պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ։

 

«Հստակ ժամկետ չեն ասել, հնարավոր է՝ 10 րոպեից, հնարավոր է՝ 2 օրվա ընթացքում»,-ասաց մասնագետը։

 

Հիշեցնենք՝ այսօր առավոտվանից կոնյակագործները բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն:

 

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի Գեզի անցակետում՝ փորձաքննություն իրականացնելու պատրվակով։ Բոլորս գիտենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է հանդիսանում, այստեղ փորձաքննություն իրականացնելու որևէ խնդիր չենք տեսնում»,-ասել էր «Պռոշյանի» կոնյակի գործարանի արտահանման մասնագետը