Ավինյանը գնդակը նետել է Փաշինյանի դարպասը․ «Հրապարակ»


Ավինյանը գնդակը նետել է Փաշինյանի դարպասը․ «Հրապարակ»
Մարտ 17 09:17 2023

 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է պատրաստվում գրել, գուցե արդեն գրել է, որի մասին դեռեւս չեն հրապարակում։ Մեր աղբյուրներն ասում են, որ ներքին քաղաքական քննարկումներ են ընթանում, որով պայմանավորված՝ դիմումը կարող է հրապարակվել անգամ վաղը կամ երկուշաբթի, եթե ինչ-որ ֆորսմաժոր չխանգարի եւ այն չչեղարկվի, ինչպես վերջին ամիսներին Սարգսյանի գրած մի քանի դիմումները։

Մենք ժամանակին գրել ենք, որ Երեւանի դե ֆակտո քաղաքապետը Տիգրան Ավինյանն է, ով ձգտում է արտահերթ ընտրություններով նստել քաղաքապետի աթոռին, սակայն գործող քաղաքապետի հրաժարականը քաղաքական պատճառներով հետաձգվում է։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրության չգնալը պատճառաբանում է Ավինյանի չաճող վարկանիշով։ Իշխանական աղբյուրներն էլ ասում են, որ ուզում է փոխել թեկնածուին, քանի որ Ավինյանի մեջ տեսնում է իր իշխանության իրավահաջորդ-մրցակցին։ Իսկ եթե Ավինյանը դառնա Երեւանի քաղաքապետ, ապա նրա դեմն առնելը դժվար է լինելու։ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունը կարծես արագացրել է գործընթացները, մամուլը գրեց, որ փոխքաղաքապետի դեմ հարուցված՝ քովիդի վերաբերյալ քրեական գործով Փաշինյանը փորձում է գահընկեց անել Ավինյանին, ով քովիդի ժամանակ պարետատունն էր ղեկավարում։

Փոխքաղաքապետի կալանավորման առիթով անգամ ներիշխանական «բազառներ» են եղել, Ավինյանն ամեն գնով փորձել է կանխել կալանավորումը, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Հիմա նա համոզել է Հրաչյա Սարգսյանին՝ հրաժարականի դիմում գրել, որով կստուգի, թե ինչ տրամադրվածություն կա «վերեւներում» իր՝ քաղաքապետ դառնալու վերաբերյալ։ Եվ չնայած քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ Հրաչյա Սարգսյանը համաձայնել է դիմում գրել, սակայն դա դեռ չի նշանակում՝ գնալու են արտահերթ ընտրությունների, թե ոչ, դրա վերաբերյալ պետք է քաղաքական որոշում կայացվի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։