Հնդկական օվկիանոսում նոր հրաբուխ է ծնվել՝ այն աճում է արդեն չորս տարի


Հնդկական օվկիանոսում նոր հրաբուխ է ծնվել՝ այն աճում է արդեն չորս տարի
Նոյեմբեր 23 10:30 2022

Հնդկական օվկիանոսում Մայոտա կղզու մոտ նոր ստորջրյա հրաբուխ է ծնվել։ Նա իրեն դրսեւորել է 2018 թվականի գարնանը։ Այն ժամանակ հետազոտողները սկսել են ուշադիր ուսումնասիրել հատակը եւ այն, թե ինչպես են երկրաբանական գործընթացներն ազդում կղզու վրա, գրում է Phys.org-ը։

 

Մայոտան Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտն է։ Այն գտնվում է Մադագասկարի եւ Աֆրիկայի մայրցամաքային մասի միջեւ։ Կղզին մարջանային խութի կենտրոնն է, որը ձեւավորվել է հարյուր հազարավոր տարիների ընթացքում հրաբխային ակտիվության եւ ծովի մակարդակի փոփոխության արդյունքում:

 

2018 թվականի մայիսին Մայոտայի արեւելյան ափից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հրաբխի ծննդի ժամանակ գրեթե վեց բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

 

 

Հրաբխի աճին զուգընթաց՝ գիտնականները գրանցել են 800 ստորգետնյա միկրոցնցումներ: Դրանք երեք շաբաթվա ընթացքում օրական մի քանի անգամ են եղել։ Հետո ընդամենը մեկ տարվա ընթացքում ավելի քան 30 երկրաշարժ է տեղի ունեցել։

 

Իր կարճ կյանքի ընթացքում հրաբուխն արդեն ավելի քան հինգ խորանարդ կիլոմետր լավա է արտանետել։ Սա դիտումների պատմության մեջ ամենամեծ ծավալն է, որը վերափոխել է ստորջրյա լանդշաֆտը։

 

Մայոտան աստիճանաբար սուզվում է հատակը՝ 12 000 տարի առաջ կղզին հինգ անգամ ավելի մեծ է եղել։ Նոր հրաբուխը արագացրել է գործընթացը՝ ընդամենը չորս տարվա ընթացքում Մայոտան 20 սանտիմետրով տեղաշարժվել է դեպի արեւելք եւ իջել է 15 սանտիմետրով: Սա երկրաբանական չափանիշներով աներեւակայելի արագ տեմպ է:

 

Հրաբուխը եւս հազարավոր տարիներ կշարունակի աճել: Նրա կարողությունը կարող է վտանգավոր դառնալ ոչ միայն կղզու, այլեւ ողջ տարածաշրջանի համար։ Այժմ հրաբխի տրամագիծը հինգ կիլոմետր է, բարձրությունը՝ մոտ 800 մետր։