ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.«ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի նախնական քննարկումները։
ՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեն, թվային առումով, թվում է հավակնոտ։ Նախատեսվում է պետական եկամուտների շուրջ 8.9 տոկոս աճ, կապիտալ ծախսերի ընդլայնում՝ ՀՆԱ-ի 3.4 տոկոսի սահմաններում, ինչպես նաև ընդհանուր տնտեսական աճ՝ մոտ 4.5–5 տոկոս տեմպով։Թվերը ներկայացվում են որպես հաջողության ցուցանիշ, սակայն դրանց ետևում բացակայում է ամենակարևորը՝ տնտեսական քաղաքականության իմաստը։Բյուջեն շարունակում է կառուցվել նույն մեխանիկական տրամաբանությամբ․ թվերը փոխվում են, բայց տնտեսական մոդելը՝ ոչ։ Չկա պատասխան այն հարցին, թե ինչպես են այս ծախսերը վերափոխելու երկրի արտադրական կառուցվածքը, խթանելու արտահանումը կամ ձևավորելու նոր տնտեսական ուղղություններ։ Թվերը չեն բացատրում, թե ինչն է փոխվելու պետության տնտեսագիտական կեցվածքում։
Կապիտալ ծախսերի կատարողականը մնում է ամենաթույլ օղակը։ Այս տարվա ընթացքում դրանց իրականացումն էականորեն հետ է մնացել՝ կազմելով ընդամենը 32–35 տոկոս, ինչը փաստում է ծրագրային կառավարման անկատարությունը և ինստիտուցիոնալ պասիվությունը։ Այս իրավիճակում կապիտալ բյուջեի աճի մասին խոսելն ավելի շատ հաշվառման նշանակություն ունի, քան թե՝ տնտեսական արդյունք ապահովելու միտում։Բյուջետային հատկացումների կառուցվածքը ևս վկայում է անհամաչափ առաջնահերթությունների մասին։
Արդարադատության նախարարության ֆինանսավորումը աճում է՝ հասնելով 24 մլրդ դրամի, դատախազության բյուջեն ևս աճում է՝ հասնելով 10.6 մլրդ դրամի, իսկ Էկոնոմիկայի նախարարության հատկացումները, ընդհակառակը, նվազում են շուրջ 5 մլրդ դրամով՝ սահմանվելով 74.5 մլրդ դրամ։ Այս միտումը ցույց է տալիս, որ վարչարարական համակարգերը համալրվում են, մինչդեռ տնտեսական զարգացման կառույցները մնում են երկրորդ պլանում։
Բարձր տեխնոլոգիական ոլորտին հատկացվող 37.3 մլրդ դրամը, թեև դիտվում է որպես առաջընթաց, սակայն նույնպես զերծ է հստակ արդյունքային չափորոշիչներից։
Առանց արդյունքային ցուցանիշների (KPI-ների), այսինքն՝ արդյունքների մոնիտորինգի և իրական ազդեցության չափման մեխանիզմների՝ ցանկացած թիվ մնում է գրեթե ձևական։Ամենամեծ բացը շարունակում է մնալ հանրային ֆինանսների կառավարման որակը։ Այս բյուջեն ներկայացվում է որպես զուտ փաստաթուղթ, այլ ոչ թե՝ քաղաքական գործիք։ Այն հաշվետվական է, բայց ոչ ռազմավարական։ Ծրագրերը շարունակում են մնալ ձևակերպումների մակարդակում՝ առանց համակարգային վերափոխման, առանց տնտեսական արդյունքի պարտադրանքի։Այս իրավիճակում 2026 թվականի բյուջեն չի կարող ընկալվել որպես նոր տնտեսական շրջադարձի սկիզբ։
Այն արտահայտում է ընթացիկ պահպանման տրամաբանությունը՝ առանց կառուցվածքային փոփոխության հստակ ուղեգծի։ Թվերը մեծ են, խոստումները՝ հնչեղ, բայց դրանց ետևում պետությունը դեռ չի ձևակերպել իր տնտեսական նպատակը։Եզրակացությունը պարզ է․ այս բյուջեն խոսում է գումարների մասին, բայց ոչ՝ քաղաքականության մասին։
Իսկ երբ բյուջեն կորցնում է իր քաղաքական բովանդակությունը, այն դադարում է լինել զարգացման փաստաթուղթ և վեր է ածվում սովորական հաշվետվության։
Հայաստանի տնտեսությանը պետք են ոչ թե նկարած մեծ թվեր, այլ մեծ մտադրություն՝ վերափոխման, արդիականացման և ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ։ Առանց դրա՝ յուրաքանչյուր հաջորդ բյուջե պարզապես կրկնում է նախորդի սխալները՝ նոր թվերով»։









