«Հայաստան» խմբակցության գործընկերներ Ագնեսա Խամոյանի և Աղվան Վարդանյանի հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ և Միքայել Սրբազաններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին: Հերթական անգամ մեզ դիմավորեցին իրենց բնորոշ հանդարտությամբ և լավատեսությամբ:
Բագրատ և Միքայել Սրբազաններն անազատության մեջ հայտնվելով՝ իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ազգն ու հայրենիքը: Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից:
Եթե մեր հոգևոր հայրերը պատվով և արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք՝ ազատության մեջ լինելով՝ որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք:
Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ և խարան է գործող իշխանությունների համար: Բայց վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը ևս:
«Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա’ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» Հովհաննես 16։33»,-գրել է նա։









