Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Հայ Առաքելական Եկեղեցու տրոհման, քանդման գործընթաց։ Եթե մենք ունենայինք նորմալ ուժային կառույցներ, Նիկոլ Փաշինյանը պիտի իր կոչերի համար կալանավորված լիներ, 24news.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի սանձազերծած արշավին։
Շարմազանովը ընդգծել է՝ Փաշինյանը ինքն իրեն է հակասում, տարիներ առաջ այլ դիրքորոշում էր հայտնում.
«Նույն Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ, երբ իրեն հարց տվին, ասաց՝ Եկեղեցին պետությունից անջատ է, պետությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու գործերին։ Իր բառերն են։ Սափրված Նիկոլը մի բան է ասում, չսափրված Նիկոլը՝ այլ բան։ Թրաշով Նիկոլը դուրս է եկել անթրաշ Նիկոլի դեմ»։
Էդուարդ Շարմազանովը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներում, այն կազմաքանդելու փորձերում աշխարհաքաղաքական հետք է նաև տեսնում։ Հստակ է նաև թուրք-ադրբեջանական թելադրանքը՝ ուղղված Փաշինյանին։
«Ես այստեղ հստակ տեսնում եմ աշխարհաքաղաքական ուղղվածություն։ Շատերը տեսնում են թելադրանք Ադրբեջանից և Թուրքիայից՝ Փաշազադեի հրահանգները, Ալիևի հրահանգները... Ալիևն ամիսներ առաջ ասաց՝ եթե Հայաստանի իշխանությունները չկարողանան լուծել ռևանշիստների հարցը, ես կլուծեմ։ Գլխավոր ռևանշիստը Ալիևի, Փաշազադեի ուղեղներում Հայոց եկեղեցին է, որովհետև եկեղեցին է մնացել միակ ազգային կառույցը։ Նրանց հրահանգն է։ Բայց այստեղ կա նաև երկրորդ խնդիրը. հաշվի առնելով, որ սրանք ասում են՝ Եզրաս Սրբազանը «КГБ-ի ագենտ է», ուզում են, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին և Ռուս ուղղափառ եկեղեցին քույր եկեղեցիներ են, նաև այդ կապը արմատախիլ անել, և Հայաստանը, Հայ եկեղեցին դնել թուրք-ադրբեջանական, միգուցե նաև՝ արևմտյան ռելսերի վրա։ Այստեղ կա նաև աշխարհաքաղաքական խնդիր, միանշանակ»,- ընդգծել է Շարմազանովը։









