Որևէ բնակիչ դեռևս չի տեղահանվել, սպասում են, որպեսզի մատչելի գներով բեռնափոխադրող միջոց լինի. Աղավնոյի գյուղապետ


Որևէ բնակիչ դեռևս չի տեղահանվել, սպասում են, որպեսզի մատչելի գներով բեռնափոխադրող միջոց լինի. Աղավնոյի գյուղապետ
Օգոստոս 11 19:27 2022

168.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանի խոսքով՝ գյուղից որևէ բնակիչ դեռևս դուրս չի եկել, նրանք իրերն են հավաքում, սակայն դեռևս չեն գտել մատչելի գնով բեռնատարներ, ում դիմել են իրերը տեղափոխելու համար, աստղաբաշխական թվեր են ուզել։

«Մենք այս պահին խառը փուլում ենք, որևէ բնակիչ դեռևս չի տեղահանվել։ Մարդիկ սպասում են, որպեսզի բեռնափոխադրող միջոց լինի՝ մատչելի գներով՝ իրենց իրերը տեղափոխելու համար։ Դեռևս հստակ որևէ բան չկա, մարդիկ, որոնք մոտ տեղ են գնում, Սյունիք, Գորիս, կարողանում են իրենց իրերը աստիճանաբար տեղափոխել։ Դժվարը Երևան տեղափոխվողների հարցն է, իսկ վաղը կամ մյուս օրը Արցախ տեղափոխվողների հարցը պետք է ևս մեկ անգամ քննարկենք, հասկանանք՝ կոնկրետ որտեղ են գնում և ինչպես»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Չաուշյանը։

Ըստ Աղավնոյի գյուղապետի, պետությունը բնակչությանը տրամադրում է պետական աջակցություն, որպեսզի կարողանան այդ հարցերը լուծել, սակայն բեռնափոխադրողների պահանջած գումարը եթե բնակիչը տա, ապա տեղափոխման հետ կապված մյուս հարցերը չի կարողանալու լուծել։

Ինչ վերաբերում է Աղավնոյում կապի միջոցներին և էլեկտրաէներգիային, Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ Արցախի Հանրապետությունն իր ենթակառուցվածքների տերն ու պատասխանատուն է, այդ ենթակառուցվածքները նա չի կարող թողնել գյուղում ու հանձնել։

 



loading...