«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին


«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին
Սեպտեմբեր 28 22:47 2026

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը» պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը:

Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, թաղապետարանի գործակարգավարական նիստի օրը:Սաշա Կատվալյանը երեք ամիս էլ չկա, որ նշանակվել է, բայց ՔՊ-ական պաշտոնյայի վարքի ու քայլերի մասին թաղապետարանի պաշտոնյաներից երկրորդ ահազանգն է ստանում «Ազատությունը»:

Ընդ որում՝ սա Լիանա Դավթյանի հետ առաջին հանդիպումն է եղել, միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ աշխատանքի վերաբերյալ վերադասի դիտողություններին Դավթյանը արձագանքել է, փորձել է բացատրություններ տալ: Հետո, ըստ նրա, ՔՊ-ականը բորբոքվել է:

«Սկսեց բարձր ձայնով գոռալ՝ «դուրս արի սենյակից», ես էլ ասացի՝ Ձեր ձայնը ցածրացրեք, ես դուրս կգամ, ասեցի՝ ի՞նչ եք լարվել, թուլացեք: Ասեց՝ «ես ուրիշ բաներից եմ թուլանում», - պատմեց Դավթյանը:

Կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետը անմիջապես գրություններ է ուղարկել վարչապետին, քաղաքապետին, Տարածքային կառավարման նախարարություն, պատմել ՔՊ-ական պաշտոնյայի պահվածքի ու խոսքերի մասին: Դեռ արձագանք չկա: Լիանա Դավթյանը ենթադրում է, որ թաղապետն իրենից ուզում է ազատվել: Նկատողությունների հիմքեր է ստեղծում կամ այնպիսի մթնոլորտ, որ սեփական դիմումով գնա: Հատկապես, որ մեկ անգամ արդեն Կատվալյանը փորձել է ու դատարանում պարտվել:

Տիգրան Ավինյանի նախկին խորհրդականը մի քանի ամսով այս համայնքը ղեկավարել է նաև 2022-ին, մամուլում էլ նա այդ ժամանակ հայտնվեց կադրային ջարդի լուրերով: Լիանա Դավթյանին էլ այդ ժամանակ հորդորել է դիմում գրել գնալ. «Ասեցի՝ ես որպես համայքնային ծառայող չեմ պատրաստվում դիմում գրել»:

Հետո ազատել է աշխատանքից, դատարանը ՔՊ-ական թաղապետի որոշումը հակաօրինական է ճանաչել, այս տարվա հունվարից Լիանա Դավթյանը վերականգնվել է պաշտոնում ու 11 միլիոն դրամ փոխհատուցում ստացել: Հուլիսին, երբ նորից Կատվալյանին են նշանակել, Լիանա Դավթյանը արձակուրդում է եղել, չեն էլ սպասել, որ վերադառնա: Նրա աշխատասենյակը դատարկել են, ու նրան տեղավորել կրթության ընդհանուր բաժնում:

«Աշխատակազմի քարտուղարը դուրս եկավ ասեց՝ «ընդհանուրի հետ եք նստելու»:

Նույնիսկ մեքենան են արգելում կայանել աշխատակազմի համար նախատեսված տարածքում, ու թաղապետի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ այսմիջադեպը ծավալվել է. «Խնդիրը գիտե՞ք, որն է, որ համայնքային ծառայողը պաշտպանված լինի մեր երկրում՝ անկախ պաշտոնատար անձի քմահաճույքից: Անձնական խնդիրներից»:

Լիանա Դավթյանը այս անգամ էլ դատարան կդիմի, եթե թաղապետն անցնի գործնական քայլերի:

Ի՞նչ խնդիրներ ունի համայնքի ղեկավարը կրթության որորտի պատասխանատուի հետ և ի՞նչ միջադեպ է եղել

Կատվալյանը պահանջեց հարցերը գրավոր ուղարկել, չորրորդ օրը պատասխանեց: Հերքում է, որ աշխատակցի արժանապատվությունը նվաստացնող խոսքեր է ասել:

«Վարչական շրջանի ղեկավարի կողմից որևէ ոչ կոռեկտ, վիրավորական կամ աշխատակցի արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն չի հնչել, նկարագրված հանգամանքներն ամբողջությամբ անհիմն են, իրականությանը չհամապատասխանող և աղավաղված: Բոլոր քննարկումներն ընթացել են բացառապես աշխատանքային պահանջկոտության, ծառայողական կարգապահության և պաշտոնեական պարտականությունների պատշաճ կատարման ապահովման շրջանակներում», - պատասխանել է նա:

Սաշա Կատվալյանը կրթության բաժնի պետին մեղադրում է կարգապահական կանոնների խախտման ու լիազորություններում թերանալու համար: Օրինակ, որ սեպտեմբերի 1-ի միջոցառումը տապալվել է կրթության բաժնի պատճառով, միջոցառման գնման հայտը մերժվել է սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար: Լիանա Դավթյանն էլ հակադարձում է՝ այս միջոցառման տեխնիկական բնութագիրը Կատվալյանն է ստորագրել ու ընթացք տվել, այսինքն, որևէ խնդիր չի տեսել:

Մեկ ամիս առաջ էլ թաղապետարանի ընդհանուր բաժնի պետն էր «Ազատությանը» ահազանգել, որ Կատվալյանն իրեն ապօրինի ազատելու գործընթաց է սկսել: Նշանակվելուց հետո հորդորել է Նվարդ Նազարեթյանին սեփական դիմումով հեռանալ, հրաժարվել է ու դրանից հետո նկատողություն է ստացել:

Նազարեթյանն էլ է դիմել Տարածքային կառավարման նախարարություն, որ պարզեն՝ որքանո՞վ են հիմնավոր թաղապետի նկատողությունը, որ ստացել է սեփական դիմումով հեռանալու նրա հրահանգը չկատարելուց հետո:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը «Ազատության» գրավոր հարցումը ստանալուց հետո խիստ նկատոություն է տվել Լիանա Դավթյանին պարտականություններում թերանալու համար ու միայն դրանից հետո պատասխանել մեր հարցերին, թե միջադեպը կրթության բաժնի պետ հետ հաշվեհարդար չէ, այլ դժգոհ է նրա աշխատանքից: