ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կապիկի ծաղիկ» վարակի առեղծվածը. ինչ վտանգներ է այն ենթադրում


ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կապիկի ծաղիկ» վարակի առեղծվածը. ինչ վտանգներ է այն ենթադրում
Մայիս 28 17:30 2022

Աշխարհում տարածում է գտել նոր վիրուս: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում:

«Կապիկի ծաղիկը» կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն):

 

Վիրուսի Ինկուբացիոն (գաղտնի) շրջանը տևում է 5-21 օր, հիմնական ախտանշաններն են ջերմությունը, մեջքի, գլխի, մկանների ցավը, դողը և հոգնածությունը։

Հանրության շրջանում «կապիկի ծաղիկ» եւ կորոնավիրուս համավարակները բավականին մեծ արձագանք են գտել, հատկանշական է նաեւ թե, այս երկու հիվանդություններից որն է ավելի ագրեսիվ եւ ինչ տարածում կարող է այն գտնել: Օրինակ՝ «Կապիկի ծաղիկը», ի տարբերություն կորոնավիրուսի, չի համարվում վարակիչ մինչև ախտանշանների զարգացումը, այն համեմատաբար ավելի թույլ վարակիչ է, քան բնական ծաղիկը կամ կարմրուկը։

Հետաքրքրական է, որ «Կապիկի ծաղիկ» վարակի վերջին բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն վարակը նոր չէ և պատկանում է հարուցիչների այն խմբին, որոնք ծաղիկ հիվանդությունն են առաջացնում։ Բնական ծաղիկը, որը պատվաստումների արդյունքում այլևս չի հանդիպում, ուներ մահացության մինչև 30 տոկոս ցուցանիշ, իսկ վերջին տարիներին «Կապիկի ծաղկի» դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մահացությունը միջինում 3-6 տոկոս է, ավելի վաղ գրանցված դեպքերի պարագայում այս ցուցանիշն անցնում էր 10 տոկոսը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան



loading...