«Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել». ինչո՞ւ են Կենդանաբանական այգում անկել թռչունները


«Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել». ինչո՞ւ են Կենդանաբանական այգում անկել թռչունները
Հունվար 21 22:38 2022

Երեւանի Կենդանաբանական այգու անգղների վանդակում բնակիչների թիվը վերջին երկու ամսվա ընթացքում պակասել է։ 5 անգղ է սատկել, որոնցից 4–ը՝ սպիտակագլուխ։ Թե որն է գիշատիչ թռչունների անկման պատճառը, ցույց կտան լաբորատոր հետազոտությունները։

 

«Թե՛ կենդանիները, թե՛ թռչունները չէին ուտում իրենց հատկացված սննդակարգով։ Նրանք պետք է տարբեր բաներ ուտեին, բայց նրանց մատուցվում էր ոսկորոտ միս»,–NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու էկոլոգ Հրանտ Դավոյանը։

 

 

 

Կենդանիներին ոչ ճիշտ սննդակարգ մատուցելու մասին, Հրանտ Դավոյանի խոսքով,  տեղյակ է եղել նաեւ Կենդանաբանական այգու տնօրինությունը եւ իրեն որպես մասնագետի հրավիրել են աշխատանքի՝ խնդիրը  կարգավորելու համար։ Մեկ ամիս է, ինչ Դավոյանն աշխատում է Կենդանաբանական այգում, եւ կենդանիների սննդակարգը, նրա խոսքով, փոխվել է։

 

 

 

 

«Սննդակարգի մեջ մտցվել են կրծողներ, ծովախոզուկ, նապաստակ, առնետ»,– ասաց Դավոյանը։

 

Կենդանաբանական այգում 5 անգղի անկման մասին նախօրեին գրել էր hraparak.am–ը։ Կայքի տեղեկություններով, Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը լիարժեք չի կատարում իր պարտականությունները, ինչի հետեւանքով էլ այգում բարձիթողի վիճակ է ստեղծվել, խոսվում է նաեւ  չարաշահումների մասին, կենդանիներին նորմալ չեն կերակրել, ինչն էլ հանգեցրել է նրանց անկմանը։ Կայքի հետ զրույցում Կենդանաբանական այգուց ահազանգել են նաեւ մեկ արջի եւ քարայծի սատկելու մասին, սակայն Կենդանաբանական այգում այս տեղեկությունը հերքում են։

 

 

 

Տեղի ունեցածի պատճառով Կենդանաբանական այգում աշխատանքից ազատվողներ են նաեւ եղել։

 

«Դրա համար էլ այս աղմուկը բարձրացել է»,– նկատեց Կենդանաբանական այգու էկոլոգ Հրանտ Դավոյանը։

 

 

Կենդանաբանական այգու արդեն նախկին գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը, որն ազատման դիմում է գրել այս տարվա սկզբին նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանի հետ տարաձայնությունների պատճառով, համաձայն չէ, որ սխալ սննդակարգն է եղել անկման պատճառը։

 

 

«Էդ ո՞նց են որոշում, թե ճիշտ սննդակարգը որն է։ Մենք հիմնականում առաջնորդվել ենք Մոսկվայի կենդանաբանական այգու սննդակարգով, որը մշակված է եղել տարբեր գիտնականների կողմից։ Բացի այդ ավելացվել է նաեւ մեր ռեգիոնին բնորոշ մթերքներ։ Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդքան կենդանի մեկ վանդակում եւ կեր չեն կերել, հետեւաբար իրենք հյուծվում են, իսկ  հյուծված կենդանու մոտ կզարգանան թե՛ պարազիտներ, թե՛ ինֆեկցիոն  հիվանդություններ եւ այլ խնդիրներ։ Այդ անգղները 30–ից 40 տարի նույն վանդակում են եղել եւ ոչ մի ճիճվաթափում չեն անցել, որովհետեւ դրանց համար նախատեսված չի եղել, քանի որ բնականից դրանց իմունիտետը բարձր է, դրանց մոտ այդ պարազիտները երբեք խնդիր չեն առաջացնում։ Խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ կենդանին հյուծվում է»,– ասաց Հարություն Հովհաննիսյանը։

 

 

Նա պատմեց, որ ինքը թռչուններին չկերակրելու մասին զեկույցներ է գրել, բայց Կենդանաբանական այգում ուշադրություն չեն դարձրել։

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:



loading...