Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի աջակցությամբ Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Վեսելա Լեչևայի և երկրի թենիսի ֆեդերացիայի նախագահ Իվան Տիկովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թենիսիստների պատրաստության, համատեղ ուսումնամարզական գործընթացների, մարզչական և մրցավարական կազմերի վերապատրաստման, մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի տնօրեն Դավիթ Չիբուխչյանը, որը բուլղարացի գործընկերներին ներկայացրել է Ծաղկաձորի բարձրադիր սպորտային բազայի հնարավորությունները, թենիսի մարզումների համար ստեղծված պայմաններն ու մարզական մյուս ենթակառուցվածքները։ Կողմերը քննարկել են Ծաղկաձորում բուլղարացի մարզիկների համար ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մարզահամալիրի բարձրադիր դիրքը և մարզիկների նախապատրաստության համար առկա պայմանները։










