Հայրենիքը «պրագուլկաներով» չեն փրկում


Հայրենիքը «պրագուլկաներով» չեն փրկում
Հոկտեմբեր 25 12:34 2021

Նոյեմբերի 9-ին եւ 10-ին հանրահավաք անելու ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Դաշնակցականների  մտադրությունը հանրության շրջանում բազմաթիվ  հարցեր է առաջացրել՝ հանրահավաք եք անում, երբ ամեն ինչ վերջացա՞ծ է լինելու։

Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկության՝ այդ օրը Մոսկվայում հնարավոր է Հայաստանին պարտադրվող այսպես կոչված սահմանազատման ու ապաշրջափակման պայմանագրերի ստորագրումը։ Այլ կերպ ասած իշխանությունը պատրաստվում է հերթական կապիտուլյացիայի ստորագրմանը, իսկ Հայաստանի ընդդիմադի դաշտի ներկայացուցիչները չեն կողմնորոշվում որ օրն անեն այդքան երկար սպասված «միտինգը»։

ՀՅԴ ներկայացուցիչները պարզաբանել են, թե դա չի նշանակում, որ մինչ այդ ոչինչ չեն անելու, եւ ամեն ինչ կախված է պայքարի ելած մարդկանց թվաքանակից՝ «նոր կապիտուլիացիան և Հայաստանի թրքացումը» կանխելու համար։ «Երբեք մեր նպատակը չի եղել թողնել, որ իշխանությունները երկիրը տանեն պարտության, և միայն դրանից հետո ասենք՝ կրկնակի դավաճան եք», -երեկ պարզաբանել ԱԺ փոխնախագահ  Իշխան Սաղաթելյանը, ավելացնելով, որ կարեւորը հայրենիքն է, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը։

Հանրության զգալի հատվածը վերապահումներ ունի։ Ուշացած չի լինի արդյո՞ք ընդդիմության, ավելի կոնկրետ ընդդիմության առանձին թևի կազմակերպած հանրահավաքը, որը այս պահի դրությամբ նախատեսված է նույն այն օրը, երբ կրկին հրապարակումների համաձայն Մոսկվայում նախատեսված է Փաշինյան- Պուտին- Ալիև եռակողմ հանդիպում, և հետո ինչ խնդիր է լուծելու հանրահավաքը։ Հայ հասարակությունը մեկ անգամ արդեն ականատես եղել է Իշխան Սաղաթելյանի, կամ որ նույնն է ՀՅԴ- «Հայաստան» դաշինքի առաջնորդների գլխավորությամբ հանրահավաքների, որոնք ավարտվել են ոչնչով, լավագույն դեպքում «պռագուլկաներով»։

Հետևաբար հանրությանը մոբիլիզացնելու, փողոց դուրս գալու մասին կոչեր անողները պարտավոր են ազնիվ ու պարզ խոսել մարդկանց հետ։ Երևանի փողոցներով, անբովանդակ քայլելով հայրենիքը չի փրկվի։ Ընդդիմությունը կամ պետք է ունենա գործողությունների հստակ ծրագիր։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի առանձին ներկայացուցիչների նեղվածությանը, թե բա մենք «այսքանը կարող ենք անել», «դուք կարող եք ավելին արեք» և այլն, ապա այս ամենն անլուրջ է։  Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, և հետո դուք էիք հայտարարել, որ այս իշխանության հեռացումն անխուսափելի է լինելու։ Ուրեմն դադարեցրեք մանիպուլիացիաներով զբաղվել, կամ գործ արեք, կամ շարունակեք ԱԺ-ում իշխանության հետ ձեր հարցուպատասխանը։ Առայժմ միայն դա է ձեր մոտ ստացվել։



loading...