Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Տիգրան Սահակյանը մակագրել է ինքն իրեն


Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Տիգրան Սահակյանը մակագրել է ինքն իրեն
Հոկտեմբեր 13 19:20 2021

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը մակագրել է ինքն իրեն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։

Կալանավորման որոշման հրապարակումից հետո Դավիթ Տոնոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ և այս պահին գտնվում է։

Դատարանի որոշման դեմ պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Բողոքը դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ մակագրել է ինքն իրեն և դատական նիստի օր նշանակել հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14.00-ին։

Ի դեպ, նշենք, որ բողոքը մակագրվել է Տոնոյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունից մեկ օր անց, որով նշվում էր, թե Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, սակայն այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Ըստ փաստաբանների՝ Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը, սակայն միաժամանակ նշել են, որ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար։

Տոնոյանի սույն հայտարարությունը հանրության շրջանում դիտարկվեց որպես հրապարակային գործարք, իսկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ պահից սկսած ցանկացած գործողություն կամ որոշում՝ հօգուտ Տոնոյանի, պետք է դիտարկել որպես գործարքի արդյունք։ Այդուհանդերձ, Տոնոյանի խափանման միջոցի հարցը, փաստորեն, կքննի դատավոր Տիգրան Սահակյանը, որը հայտնի է որպես իշխանություններին բավականին հաճո դատավոր, ունի մոտ հարաբերություններ նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ, ուստի, հատկապես հետաքրքրական կլինի Սահակյանի կողմից կայացված որոշումը և դրան հաջորդող իրադարձությունները՝ արդյոք իշխանությունները ցանկանում են Տոնոյանին տեսնել կալանավորված, թե ոչ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան



loading...