Ինչո՞ւ պատվաստված մարդկանցից չի պահանջվում ՊՇՌ թեստ, եթե պատվաստումը չի բացառում վարակման փաստը


Ինչո՞ւ պատվաստված մարդկանցից չի պահանջվում ՊՇՌ թեստ, եթե պատվաստումը չի բացառում վարակման փաստը
Սեպտեմբեր 23 12:32 2021

Խորհրդարանում ընթացող կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ «Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար Արա Զոհրաբյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է դիմակ կրում, երբ պատվաստվել և ստացել է երկու դեղաչափ պատվաստանյութ։

«Այո, ես պատվաստվել եմ և երկու դեղաչափն էլ ստացել եմ։ Ինչո՞ւ են աշխարհի շատ երկրներում, որտեղ պատվաստվել են, շարունակում պահպանել դիմակի կրման ռեժիմը՝ պատասխանը շատ պարզ է։ «Դելտա» շտամը, որը կորոնավիրուսի մուտացված շտամներից մեկն է, ունի վարակելիության շատ ավելի բարձր ցուցանիշ։ Ցավոք, վարակը պրոգրեսիվ մուտացվում է, և դա նաև նրա արդյունք է, որ չհաջողվեց շատ քաղաքացիների պատվաստում իրականացնել, որը կկոտրեր վարակի անընդհատ տարածման շղթան և կնպաստեր, որ մենք օր առաջ հաղթահարեինք համավարակը»,- նշեց նա։

 
 

Արա Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց՝ պատվաստված մարդը կարո՞ղ է վարակվել կորոնավիրուսով և վարակել շրջապատին։

Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանն ասաց՝ այո, պատվաստված մարդը կարող է վարակվել կորոնավիրուսով։

«Իհարկե, պատվաստումը չի բացառում վարակման փաստը»,- պատասխանեց նա։

Արա Զոհրաբյանը նաև խնդրեց, որպեսզի նախարարը պատասխանի հետևյալ հարցին, թե ՊՇՌ թեստի սերտիֆիկատի պահանջը, որն իր հրամանով է սահմանել, ի՞նչ նպատակ է հետապնդում՝ պատժի՞, թե՞ հակահամաճարակային։

«Եթե հակահամաճարակային նպատակ է հետապնդում, այսինքն՝ ուզում է կոտրել վիրուսի շղթան, ապա ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պատվաստված մարդկանցից չի պահանջվում ՊՇՌ թեստ»,- հարցրեց Արա Զոհրաբյանը։

Պատասխանելով հարցին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հոկտեմբերի 1-ից սպասվող համալիր միջոցառումները հետապնդում են մեկ նպատակ՝ կանխել հիվանդացությունը և խուսափել մահերից։

Հիշեցնենք, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում անցկացվում է աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի և «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության թեմայով։