Երկիրը կաթվածահար անելու մանդա՞տ են ստացել. «Փաստ»


Երկիրը կաթվածահար անելու մանդա՞տ են ստացել. «Փաստ»
Սեպտեմբեր 14 10:00 2021

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ օգոստոսի վերջին ադրբեջանցիները մի քանի օր փակ պահելուց հետո բացեցին Սյունիքով անցնող ճանապարհը, շատերը մտածեցին, թե վերջապես խնդիրը լուծվեց։ Սակայն դրանից շատ չանցած՝ հակառակորդը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ոստիկանական կետ տեղադրեց։ Ոստիկանակետի տեղադրման հետ կապված մամուլում և տարբեր փորձագետների կողմից անմիջապես ահազանգեր հնչեցին, թե հակառակորդը այդ կերպ հող է նախապատրաստում նոր սադրանքների դիմելու համար, սակայն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում էր, որ Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել:

Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է։ Կարճ ժամանակ անց հանկարծ պարզվեց, որ Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ճանապարհով անցնող իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերն է ստուգում, ավելին՝ գումար են գանձում։ Ուստի չպետք է բացառել, որ շուտով այդ տեղանքում հայտնվի նաև ադրբեջանական մաքսակետ, և նրանք սկսեն ճանապարհով անցնող իրանական մեքենաներից ուղղակի հարկեր պահանջել (թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ պարզվեց, որ այս ենթադրությունը ամենևին իրականությունից հեռու չէր)։ Որոշ ժամանակ հետո էլ ադրբեջանական իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարող են հայկական մեքենաները ստուգել, տարանցիկ հարկեր պահանջել կամ էլ կրկին փակել ճանապարհը։ Կարճ ասած՝ հակառակորդը որևէ կերպ կաշկանդված չէ. ինչպես ուզի, այնպես էլ կարող է վարվել։

Եվ փաստացի ստացվում է, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է Հայաստանը կտրել Իրանի հետ կապից։ Այդ ժամանակ Իրանից դեպի Հայաստան, Հայաստանից ու Վրաստանից Իրան բեռնափոխադրում կատարողները ուղղակի կարող են իրենց ապրանքները տեղափոխելու համար այլընտրանքային ճանապարհներ փնտրել և հաղորդակցության ուղիների ոչ ապահով լինելու պատճառով փորձել շրջանցել Հայաստանը։ Այդ դեպքում արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ տնտեսական վնասներ կարող է կրել Հայաստանը։ Չհաշված, որ ադրբեջանական սադրանքների արդյունքում Սյունիքում բնակվող քաղաքացիները չեն կարողանա տեղաշարժվել մեկ համայնքից մյուսը։ Նկատի ունենանք, որ երբ ադրբեջանցիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, մի շարք համայնքներում անգամ սննդամթերքի ապահովման խնդիր էր առաջացել։

Իսկ Փաշինյանը նորից կարող է առաջարկել երթևեկել գրունտային ճանապարհով, եթե այդ քանդված ճանապարհը որևէ կերպ կարելի է սոսկ գրունտային անվանել։ Սրա համա՞ր է ժողովուրդը Փաշինյանին մանդատ տվել, որ երկիրը ցանկացած պահի կաթվածահար արվի՞, թե՞ այդ պողպատյա մանդատը միայն ընդդիմությանը ճնշելու ու իրավական գործիքներով քաղաքական հետապնդումների ենթարկելու համար էր։ Մի՞թե Փաշինյանը չէր, որ Ստեփանակերտի հրապարակում ժողովրդի առաջ կանգնած՝ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», ու իր գլխից մեծ խոստումներ տալիս։ Իսկ այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն իր ձեռքերը վերջնականապես լվանում է Արցախից։ Սա միայն մենք չենք ասում, սա արդեն արձանագրում են բոլոր ադեկվատ փորձագետներն ու քաղաքական գործիչները: Այս իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ, իսկ Արցախի Անկախության օրը ՀՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Արցախ չմեկնեցին:

Փաստացի, ամբողջ հույսը միայն ռուս խաղաղապահներն են... Լուրջ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է խոչընդոտներ ստեղծել Լաչինի միջանցքով դեպի Արցախ գնացող կապի անխափանությունն ապահովելու հարցում։ Եվ այս համատեքստում բոլորովին պատահական չէին օրերս Լաչինում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Եվ այս ֆոնին մեկ անգամ չէ, որ ադրբեջանական հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներից միջանցքը փակելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են հնչում։ Բացի դրանից, ադրբեջանական սոցցանցերում տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես են իրենք վերևից վերահսկում Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, ու հայտարարում, որ միջանցքն ուղղակի իրենց ափի մեջ է։

Եվ պատահական չէ նաև, որ Բաքուն սկսել է դժգոհություն հայտնել, որ իրանական համարանիշներով մեքենաներ են մուտք գործում Արցախ։ Օրինակ՝ Բաքուն այսպիսի մի պատրվակ կարող է օգտագործել Լաչինով անցնող հաղորդակցության վրա վերահսկողություն սահմանելու ու սադրանքներ հրահրելու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի հետ սահմանին նոր սադրանքների չեն գնա՝ իրավիճակը գլորելով դեպի էսկալացիա ու ռազմական նոր բախումներ։ Իրենց ամբողջ նպատակը Հայաստանի խորքերը ներխուժելն ու Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելն է, որի մասին Ալիևն անընդհատ ակնարկում է։ Եվ առկա իրավիճակի ու իրերի դասավորության ֆոնին բոլորովին պատահական չէ, որ թուրքական բանակն Ադրբեջանում 4 թուրք գեներալներից բաղկացած ներկայացուցչություն է ստեղծում։ Եվ ելնելով ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններից՝ անգամ քննարկվում է դեպի Ադրբեջան թուրքական բանակի առանձին կոնտինգենտ ուղարկելու հարցը։

Այնպես որ, պատերազմից հետո Հայաստանին ու Արցախին անվտանգային առումով շատ լուրջ վտանգ է սպառնում, ուստի այդ սպառնալիքի առաջն առնելու նպատակով պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը թե՛ ռազմական հարթության վրա և թե՛ դիվանագիտական դաշտում, այլապես երկրորդական հարցերի վրա կենտրոնանալով և ոչ պատեհ գույնզգույն միջոցառումներ կազմակերպելով՝ քայլ առ քայլ շարժվում ենք դեպի պետականության կորուստ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



loading...