Գերիների հարցով Ադրբեջանի վրա ճնշումն էապես մեծացնելու ենք. Քոչարյան


Գերիների հարցով Ադրբեջանի վրա ճնշումն էապես մեծացնելու ենք. Քոչարյան
Հունիս 10 18:16 2021

Ապարանում «Հայաստան» դաշինքի անդամների հետ հանդիպման ժամանակ պատերազմի մասնակից, վիրավորում ստացած քաղաքացիներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչպե/ս են պատրաստվում հետ բերել գերիներին։

Ռոբերտ Քոչարյանը նախ նկատեց, որ իշխանության գալու պարագայում ստեղծելու են վետերանների գծով հատուկ գերատեսչություն, որը զբաղվելու է նաև գերիների հարցով։

«Տարբեր հանդիպումների ժամանակ ինձ նույն բանն են ասում, որ որևէ մեկի որևէ հարց չեն լուծում։ Մարդիկ կաբինետից կաբինետ գնալով փորձում են իրենց հարցերը կարգավորել։ Մեկ տեղ պետք է լինի, որ մարդ մեկ դուռ մտնի և նրանք պարտավոր են այդ բոլոր հարցերը լուծել։

Հնարավոր չէ ունենալ 5000 զոհ, 11 000 վիրավոր և նրանց ցրել սոցապ նախարարությունով, մարզպետարաններով։ Այդ լուծումը տալու ենք։ Այդ նույն մարմինը նաև պետք է գերիների հարցով զբաղվի։ Ժողովուրդը, որն իր հերոսներին չի մեծարում, առանց հերոսների է մնում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս հավելեց՝ գերիների հարցով ճնշումն Ադրբեջանի վրա էապես մեծացնելու են։ Նրա խոսքով, եթե օրինակ խորհրդարանի նախագահն աշխատանքի է գնում, և առնվազն իր համար գերնպատակ չի դնում այդ օրը մի քանի այլ երկրների խորհրդարանների հայտարարությունը ստանա գերիների հարցով, ինչը ճնշում է Ադրբեջանի վրա, ուրեմն քիչ է աշխատում։

«Դա այն հարցը չէ, որ քեզ մերժելու են, ոչ մեկը չի մերժելու։ Հումանիտար հարց է, պատերազմը կանգնած է։ Քայլեր պետք է արվեն, որոնք չկան։ Եթե ինչ-որ տեղից մի բան էլ կա, դա ոչ թե մեր երկրի, մեր իշխանության ջանքերի շնորհիվ, այլ դրսի հայկական համայնքները փորձում են մի բան անել։ Որպես պետություն դուք ու՞ր եք»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։