Չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի որոշումներ կայացնելու հնարավորություններից. Նիկոլ Փաշինյանը՝ իր հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)


Չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի որոշումներ կայացնելու հնարավորություններից. Նիկոլ Փաշինյանը՝ իր հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)
Հունվար 20 18:42 2021

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: «Կա՛մ ժողովուրդը 2018 թվականի նման հավաքվում է և ասում է՝ իշխանություն հեռացի՛ր, և իշխանությունը աներկբա ենթարկվում է, կա՛մ նշանակում եք ընտրություններ, և դա նշանակելու ձևն էլ կառավարության, վարչապետի հրաժարական է»,-ասաց նա և նշեց, որ օդում կախված է, թե երբ է հեռանալու Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն առաջարկել է համաձայնությամբ իրականացնել արտահերթ խորհրդանական ընտրություններ 2021 թվականի ընթացքում: «Ինձ համար զարմանալի կերպով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ըստ էության մերժում են այդ առաջարկը, հետևաբար իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չէ, որ իշխող ուժը ինքն իր համար անի արտահերթ խորհրդանական ընտրություններ»,-ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում իրենք պատրաստ են բոլոր ուժերի հետ քննարկել այդ օրակարգը:

Տիգրան Ուրիխանյանը  արձագանքեց և հարցրեց, որ եթե  խորհրդարական ընդդիմությունը չի նստում երկխոսության, իշխանությունը չի՞ պատրաստվում պատասխանատվություն կրելու դրսևորում սկսել: «Չե՞ք գտնում, որ պետք է  հրաժարական տալ, որովհետև տեղի է ունեցել ահռելի, ազգային, պետական ողբերգություն: Հետևաբար, եթե ընդդիմությունը չի պնդում, չի մասնակցում,  դուք հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ, և ընտրություններ տեղի ունենալո՞ւ են, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ե՞րբ»,-հարցրեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա հստակ մի բանաձև՝  իշխանությունը պատկանում է ժողովրդին, և իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը: «Մենք չենք անի մի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորություններից և լծակներից, իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն»,-ասաց նա և նշեց, որ  եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը շարունակեն մերժել,  իրենք համապատասխան դիրքորոշում կներկայացնեն:

 



loading...