Հայերը Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականության վերջին խոչընդոտն են. Նիկոլ Փաշինյան


Հայերը Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականության վերջին խոչընդոտն են. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 25 23:15 2020

Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ներկայությամբ՝ վերջինիս կողմից հայերի նկատմամբ վարվող ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հնդկական WION հեռուստաընկերության եթերում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Դուք գիտեք, որ 20-րդ դարի սկզբին՝ մասնավորապես, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, որն աշխարհի բազմաթիվ երկրների կողմից արդեն իսկ պաշտոնապես ճանաչված է, և որի հետևանքով էթնիկ զտում է տեղի ունեցել շատ մեծ տարածքների վրա: Եվ հիմա իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Սա ունի կոնկրետ պրագմատիկ նպատակ: Որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ իր իմպերիալիստական քաղաքականությունը դեպի հարավ, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս համատեքստում, այո՛, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է գոյութենական վտանգի ներքո, և մենք կարծում ենք, որ հարցի լուծման ամենաճիշտ և պրագմատիկ ձևը «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևի կիրառումն է՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է վարչապետը:

 

Հարցին՝ արդյոք կարելի՞ է ասել, որ Հայաստանը հայտնվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընթացող միջնորդավորված, անուղղակի պատերազմի թատերաբեմում, Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան է տվել։ «Ոչ, ես չեմ կարող այդպիսի բան ասել, որովհետև Ռուսաստանը ներգրավված չէ պատերազմում, և Ռուսաստանը հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի և լուծվի Ղարաբաղի հարցը: Ռուսաստանը, այո՛, Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց նա պատերազմի մեջ ներգրավված չէ և ավելի շատ ներգրավված է որպես միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության Ղարաբաղի հարցը կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում»,- շեշտել է Փաշինյանը:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

 

Հոկտեմբերի 25-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

 

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

 

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

 

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։