Առաջնագծում ընթանում են ծանր մարտեր. ՊԲ-ն շարունակում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի չեզոքացումը


Առաջնագծում ընթանում են ծանր մարտեր. ՊԲ-ն շարունակում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի չեզոքացումը
Հոկտեմբեր 25 22:33 2020

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջնագծում այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր: Այս մասին հոկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, որոշ մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով: Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ ՊԲ-ն շարունակում է նաև ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայտնաբերումն ու չեզոքացումը:

«Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր, այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական ու ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են: Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են փախչել տեղանքից, որտեղ հայտնում են մեր ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումները»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:



loading...