Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները. Պեսկով


Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները. Պեսկով
Հոկտեմբեր 22 15:15 2020

Մոսկվան անում է ամեն հնարավորը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական ուղու վրա դնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուսաստանն արել և անում է ամեն հնարավորը, որպեսզի ներկա իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ուղու վրա դնի: Մենք, ինչպես և նախկինում, համոզված ենք, որ այս հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է առաջիկայում էլ բոլոր ջանքերը գործադրել այս հակամարտության խաղաղ կարգավորման համար:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Կրեմլում ցավով են արձանագրում, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ձեռք բերված մոսկովյան պայմանավորվածությունը: