Անթույլատրելի է այս կամ այն խմբավորման կողմից ցանկացած ընդերքօգտագործողի աշխատանքների խոչընդոտումը. հայտարարություն


Անթույլատրելի է այս կամ այն խմբավորման կողմից ցանկացած ընդերքօգտագործողի աշխատանքների խոչընդոտումը. հայտարարություն
Օգոստոս 7 16:28 2020

Կոչ ենք անում բոլորին դադարեցնել տնտեսական գործունեություն իրականացնող որևէ ընկերության նկատմամբ նման ոտնձգությունները,- նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։

Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Վերջին շրջանում առանձնապես ակնհայտ և մտահոգիչ են դարձել տարբեր պատրվակներով ընդերքօգտագործման ոլորտի ձեռնարկությունների նկատմամբ՝ նրանց գործունեությունը խաթարող կազմակերպությունների ու շարժումների կողմից պարբերական դարձած գործողությունները, այդ թվում՝ ապօրինությունները։ Այդպիսիք հաճախ զերծ չեն հասարակության աչքում ոլորտի սոցիալ-տնտեսական դերի նսեմացմանը, պետության տնտեսական հենքի մեջ ոլորտի ահռելի դերի անտեսմանը միտված հայտարարություններից ու անգամ հերյուրանքներից:

Մենք կասկածի տակ չենք դնում երկրի ճակատագրով մտահոգ անձանց անկեղծ մղումները։ Ոմանք, սակայն իրենց գործողությունների համար, որպես ուղենիշ են ընտրում ոլորտի այս կամ այն ընկերության մասին հասարակությանը հրամցվող կեղծ ու չստուգված փաստեր, որոնցով առաջնորդվելով ապօրինի կերպով խոչընդոտվում է օրենքի շրջանակներում գործող բարեխիղճ ընդերքօգտագործողների աշխատանքը: Կատեգորիկ պահանջներ են ներկայացվում տվյալ կոլեկտիվին ու կառավարությանը, ինչը հղի է երկրի տնտեսության ապագային միտված ակնհայտ վտանգներով:

Մենք մեր հանապազօրյա աշխատանքն ենք անում, որով մեր ուժերի ներածին չափով օժանդակում ենք երկրի զարգացմանն ու կայունացմանը, հազարավոր ընտանիքների բարօրությանը։ Իսկ թե արդյոք մեր գործունության մեջ լինո՞ւմ են բնությանն ու շրջակա միջավայրին վնասող տարրեր, թող որոշեն պետական լեգիտիմ կառույցներն ու մասնագիտական հանրությունը։ Անթույլատրելի է ժողովրդի անունից այս կամ այն խմբավորման կողմից ցանկացած ընդերքօգտագործողի աշխատանքների խոչընդոտումը։

Կոչ ենք անում բոլորին դադարեցնել տնտեսական գործունեություն իրականացնող որևէ ընկերության նկատմամբ նման ոտնձգությունները, որոնք ոչ մի պարագայում չեն կարող շահավետ լինել ոչ հասարակության և ոչ էլ, առավել ևս, պետության համար։ Անհրաժեշտ է կառավարման համակարգի ու մասնագիտական համապատասխան կառույցների հետ ակտիվ ու կառուցողական երկխոսությամբ գալ ընդհանուր հետևությունների, որոնք չեն խաթարի երկրի տնտեսական կայունությունը, չեն վնասի իրենց հանապազօրյա հացը վաստակող քաղաքացիների շահերը:

Պատրաստ ենք մեր մասնագիտական ու տեխնիկական ներուժով մասնակցել և օժանդակել այս թեմաներով ցանկացած քննարկումների»:



loading...