Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի բնակիչ 65-ամյա Համլետ Ս․-ը ժամը 16:00-ից չի պատասխանում հեռախոսազանգերին և անհայտ է նրա գտնվելու վայրը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները պարեկների, համայնքային ոստիկանների ու քաղաքացիների հետ սկսել են Արտաշատի ջրանցքում որոնողական աշխատանքներ, ապա Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի Արտաշատի ջրանցքի տեղամասի ղեկավարության հետ բանավոր համաձայնություն են ձեռք բերել՝ որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դադարեցնել ոռոգումը տվյալ ջրանցքով։
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 04։45-ի սահմաններում որոնողական աշխատանքների արդյունքում նշված ջրանցքի Դվին գյուղի հատվածում հայտնաբերվել է քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը, և փրկարարները դուրս են բերել այն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։










