Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա «դեմը չէր կարող առնել». Հասանովը՝ Վարդևանյանին


Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա «դեմը չէր կարող առնել». Հասանովը՝ Վարդևանյանին
Օգոստոս 2 11:30 2026

Մենք Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական օրենքի կարգավորումների հիման վրա էինք կարծես առաջին նստաշրջանի անցկացումը մեկնարկում: Համաձայն նշված կարգավորման՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա հարց է ուղղել նիստը վարող ամենատարեց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովին՝ ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքը չի իրացվել:

Վարդևանյանի հարցադրմանն ի պատասխան Կնյազ Հասանովն ասել է.

«Որպես տարիքով ավագ պատգամավոր, իմ իրավունքների մեջ չի մտնում, որ ես այսօր Ձեզ ասեմ:

Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկը նրա «դեմը չէր կարող առնել»: Այսօր ինձ պատիվ է եղել, որ ես այս խորհրդարանը ղեկավարեմ, և երևի մի քանի ժամից մենք Ազգային ժողովի նախագահ կընտրենք, Ձեր բոլոր հարցերով կդիմեք մեր հարգարժան Ազգային ժողովի նախագահին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ տեղի է ունենում 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։