Մանրամասներ Գյումրիում երեկ արձանագրված առեղծվածային դեպքից


Մանրամասներ Գյումրիում երեկ արձանագրված առեղծվածային դեպքից
Մայիս 21 18:08 2020

Երեկ երեկոյան փլուզում է տեղի ունեցել Գյումրիի Մանուշյան թաղամասում: Բնակելի տնակների հարևանությամբ հողաշերտ է փլուզվել, ինչի հետևանքով մոտ 4 մետր խորության խորշ է բացվել:

 

Պարզվել է, որ փլուզվածը Գյումրիի հայտնի Ֆանտանների պոմպակայանի մուտքն է: Այն տարիներ շարունակ ծածկված է եղել հողային շերտով: Փլուզման հետևանքով բացվել է մուտքը, որը տանում է դեպի ստորգետնյա պոմպակայան: Տարածքում աշխատել են Շիրակի մարզային փրկարարական վարչության և ոստիկանության աշխատակիցները:

Տեղազննության արդյունքում իրավապահները պոմպակայանում ոսկորներ են հայտնաբերել:

 

80-ականների սկզբին, երբ Գյումրիում կառուցվել են շատրվանները, թաղամասը ոչ պաշտոնապես ստացել է Ֆանտաններ անվանումը: 1988-ից հետո այն դարձավ քաղաքի ամենամեծ տնակային թաղամասերից մեկը: Հիմա այստեղ շատ քիչ տնակներ են մնացել: Հատուկենտ ժամանակավոր կացարանների ու քանդված տնակների  արանքում կարմիր ժապավենն է երևում:

Պոմպակայանի գոյության մասին տարածքի բնակիչներից քչերն են իմացել: Այս հատվածում ևս ժամանակին տնակ է եղել տեղադրված, իսկ պոմպակայանի մուտքը փակված է եղել հողային շերտով:

 
 

«Այս տարածքում ամբողջությամբ տնակներ էին, իրար կողքի, խիտ տեղադրված: Շատերը տուն ստացան, գնացին: Պոմպակայանն էլ հարևանների բակի տարածքում էր: Ոչ բոլորը գիտեին պոմպակայանի մասին: Կոմունիստների ժամանակ կառուցվել է, փակել, գնացել են»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են տարածքի տնակների բնակիչները:

 

Իրավապահների ուշադրությունը գրավել է նախկին պոմպակայանում հայտնաբերվածը։ Փլուզման հետևանքով բացված մուտքը տանում է դեպի ստորգետնյա տարածք, որտեղ ժամանակին պոմպերն ու խողովակներն են եղել տեղադրված: Հենց այդ տարածքում ոսկորներ են հայտնաբերվել:

 

 

«Ոստիկանության ծառայակիցների կողմից պոմպակայանի տարածքը դիտարկում կատարելու արդյունքում հայտնաբերվել են կենդանու պատկանող ոսկորներ, նախնական տվյալներով՝ կենդանու պատկանող ոսկորներ: Երկրորդ ահազանգը ստացվեց, որ մեր օգնությունն է պահանջվում: Երկրորդ  ահազանգով նորից մեկնել ենք, ապահովել անվտանգությունը ոստիկանության օպերատիվ գործողությունների ժամանակ: Մնացածը ոստիկաններն են կատարել: Քարային, հողային շերտ է փլուզվածը»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի թիվ 48 ՀՓՋ հրամանատար Էդվարդ Սարոյանը:

 

 

Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարն է նշում, որ իրավապահների նախնական վարկածով՝ հայտնաբերված ոսկորները կենդանու են պատկանել: Այդուհանդերձ, երկրորդ անգամ ոստիկանները տարածք են կանչել փրկարարների՝ ոսկորները պոմպակայանից դուրս բերելու հարցում իրենց օգնելու համար:

Ոստիկանությունից էլ հայտնեցին, որ նշանակվել են փորձաքննություններ՝ պարզելու, թե ինչ ծագում ունեն ոսկորները: Իսկ պոմպակայանի մուտքը, ըստ փրկարարների, հետագա փլուզման վտանգ չի ներկայացնում:

Այն փակելու պարտականությունն արդեն քաղաքապետարանինն է: